շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ուզբեկստանի կողմից հետաքրքրություն կա Տաշքենդում ՀՀ դեսպանություն բացելու հարցում. Սաֆարյան

Ուզբեկստանի կողմից հետաքրքրություն կա Տաշքենդում ՀՀ դեսպանություն բացելու հարցում. Սաֆարյան

Ուզբեկստանի գործընկերների կողմից հետաքրքրություն է նկատվում Տաշքենդում Հայաստանի դեսպանություն բացելու հարցում։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ Եվրասիական ինտեգրման հարցերով 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
 
Հայաստան - Ուզբեկստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Շիրակ Թորոսյանը հետաքրքրվել էր` որքանով է նպատակահարմար, որ Ուզբեկստանում Հայաստանի դեսպանի նստավայրը Երևանն է։ Թորոսյանի կարծիքով՝ այս հանգամանքը նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը, ու նա հարց ուղղեց փոխնախարարին՝ արդյոք չի՞ դիտարկվում դեսպանատունը Տաշքենդ տեղափոխելու հարցը։
 
ԱԳ Փոխնախարար Մնացական Սաֆարյանն ի պատասխան նշեց՝ Հայաստանը շահագրգռված է Ուզբեկստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։
 
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության ծավալների մեծացմանը։ Ուզբեկստանի հետ կապված արդեն տեսանելի ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ»,–ասաց նա և հավելեց, որ այս դեպքում նպատակ կա ապահովել փոխադարձություն:
 
«Դժվար է ասել, թե երբ կգանք լուծմանն այս փուլում, բայց ուզբեկական կողմից նույնպես նկատել ենք ցանկություն։ Հուսով ենք` ինչ– որ պահի կհասնենք այդ լուծմանը»,-հավելեց նա:

  • Կիսվել: