երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ուրվագծվում է այն իրողությունը, որ Հայաստանի դիմումները ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին մնում են անհասցե. «հանուն Հանրապետության» կուսակցություն

Ուրվագծվում է այն իրողությունը, որ Հայաստանի դիմումները ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին մնում են անհասցե. «հանուն Հանրապետության» կուսակցություն

Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմինը հայտարարություն է տարածել՝ կապված վերջին օրերին Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

՛՛Վերջին օրերին Սյունքիում տեղի ունեցող իրադարձությունները մի շարք ներքին ու արտաքին ուժերի կողմից կապվում են դեպի Նախիջևան սուվերեն միջանցքի տրամադրման ադրբեջանական ցանկության հետ։ Մինչդեռ Հայաստանը պաշտոնական մակարդակով գործի է դրել անվտանգության ապահովման հնարավոր մեխանիզմները և փորձում է զերծ պահել տարածաշրջանը հերթական էսկալացիայից՝ ադրբեջանաթուրքական լոբբին ամբողջ թափով լծվել է Սյունիքի միջով ոչ հայկական վերահսկողության ներքո ճանապարհ ստանալու գերնպատակի իրականացմանը։

Նման հեռանկարն արմատապես անընդունելի է․ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը քննության կամ առեւտրի առարկա լինել չեն կարող, այն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության պետական եւ գոյաբանական շահերին։

Բացի այն, որ Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով սահմանված գերիների վերադարձի պարտավորությունը, 9-րդ կետով սահմանված «ենթակառուցվածքների ապաշրջափակումն» էլ նախատեսում է բաց հաղորդակցություն՝ առանց որևէ կողմի սուվերեն իրավունքի շրջանցման եւ առանց նախապայմանների։ Այս համատեքստն այն կարմիր գիծն է, որի վերաբերյալ չեն կարող լինել այլ մոտեցումներ։

Ուրվագծվում է նաեւ այն իրողությունը, որ Հայաստանի դիմումները ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին մնում են անհասցե եւ չեն արժանանում այն արձագանքին, որը բխում է ողջ իրավա-պայմանագրային հիմքերի ոգուց։

Հանուն Հանրապետության կուսակցությունը կոչ է անում վճռական միջոցներով կանխել հայկական շահերի հաշվին տարածաշրջանային գործընթացները և օգտագործել ՀՀ անվտանգային ողջ ներուժը՝ հակառակորդի սադրանքները չեզոքացնելու նպատակով։

Միաժամանակ առաջարկում ենք քաղաքական դաշտում քիչ թե շատ կշիռ ունեցող բոլոր քաղաքական ուժերին՝ ներկայացնել «Զանգեզուրի միջանցքի» սպառնալիքի չեզոքացման վերաբերյալ սեփական տեսակետները, որոնք կարող են օգտակար լինել իրավիճակի համընդհանուր հանգուցալուծման համար՛՛,-ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: