շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուրվագծեցինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից արված հաղորդումները. Լավրով

Ուրվագծեցինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից արված հաղորդումները. Լավրով

Մոսկվայում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Բանակցությունների թեման Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է եղել, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Լավրովը, մասնավորապես, ասել է. «Այսօր օգտակար բանակցություններ ունեցանք մեր գործընկերների՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախ կազմակերպվել է ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական երկկողմ բանակցությունների երկու փուլ։ Մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների վիճակն ու նախանշեցինք հետագա քայլերը ամենաբարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։ Հետո մենք երեքով հանդիպեցինք՝ քննարկելու տարածաշրջանային օրակարգը, առաջին հերթին՝ կապված Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Մենք մեր զրուցակիցներին ուրվագծեցինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից արված հաղորդումները, այն քայլերի մասին, որոնք ցանկալի է անհապաղ ձեռնարկել՝ ելնելով Ղարաբաղի բնակչության սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով, անխափան էլեկտրաէներգիայով և գազամատակարարմամբ ապահովելու շահերից։ Սա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ հանգուցալուծմամբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020, 2021 և 2022 թվականներին ընդունած եռակողմ հայտարարություններին համապատասխան (1, 2, 3, 4):

 

  • Կիսվել: