երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ucom-ի կողմից Beeline-ը գնելու գործարքի հնարավորությունն ուսումնասիրվում է․ ՏՄՊՊՀ նախագահ

Ucom-ի կողմից Beeline-ը գնելու գործարքի հնարավորությունն ուսումնասիրվում է․ ՏՄՊՊՀ նախագահ

ՏՄՊՊՀ ուսումնասիրում է Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության (NASDAQ և Euronext Ամստերդամ) հայաստանյան բիզնեսը (Beeline ապրանքանիշ) գնելու վերաբերյալ գործարքի հնարավորությունը:

 Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Այս պահին ուսումնասիրություն է իրականացվում: Ընդամենը օրեր առաջ մեր առաջին նիստն էր: Տեղեկատվություն ենք հավաքագրում, որպեսզի հասկանանք, թե հնարավոր շուկաներում ինչ է կատարվելու: Այդ շուկաներն են՝ ամրակցված կապը, ինտերնետը, շարժական ինտերնետը, բջջային կապը, հեռուստատեսության վերահեռարձակման իրավունքը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ շուկաներն առանձին-առանձին նայելու են և ամբողջական պատկեր են ներկայացնելու:

«Եթե տեսնենք, որ կլինի խնդիր շուկայի տնտեսական մրցակցության առումով, ապա մեր դատողությունները կլինեն, եթե կտեսնենք, որ խնդիր չկա, կասենք՝ խնդիր չկա: Հնարավոր է նաև պայմանով գործարք լինի, այսինքն՝ պետությունը որոշ պայմաններ թելադրի գործարքի հետ կապված»,- նշեց Գևորգյանը։

  • Կիսվել: