Սահմանափակե՛ք էկրանային ժամանակը, բացօթյա խաղերն ու բնական լույսը հիանալի կանխարգելում են երեխայի կարճատեսությունը
Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ հազարավոր պացիենտներ հնարավորություն են ստացել պետության ամբողջական փոխհատուցմամբ իրականացնել կատարակտի վիրահատություն, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հատկապես 65 և ավելի տարեկան քաղաքացիների շրջանում կատարակտը տեսողության հետ կապված ամենատարածված խնդիրն է, որը, ժամանակին չբուժելու դեպքում, նույնիսկ կարող է հանգեցնել կուրության:
«Ֆինանսական բեռով պայմանավորված տարեց մեր քաղաքացիների շրջանում խնդիրը խիստ տարածված էր: Մասնագետները նշում են` կատարակտ ախտորոշված 65 և ավելի տարիքի 5 պացիենտից 3-ը հրաժարվում էր վիրահատությունից, որը խնդրի լուծման միակ ճանապարհն է:
Առողջության ապահովագրության ներդրումից հետո այս տարվա միայն 9 ամիսներին պետական բյուջեից 6,7 մլրդ դրամ է հատկացվել կատարակտի վիրահատության համար` ինչպես վիրահատությունը, այնպես էլ որակյալ ոսպնյակի տրամադրումը ներառված է ապահովագրության փաթեթում:
Առողջապահության նախարարության առանցքային ծրագրերից ու առաջնահերթություններից է նաև երեխաների տեսողության պահպանումը: Այս ուղղությամբ գերատեսչությունն իրականացնում է սքրինինգներ` սկսած երեխայի կյանքի առաջին իսկ օրվանից:
Անհասների ռետինոպաթիայի սկրինինգ.
Այս հետազոտությունն իրականացվում է ամբողջ հանրապետությունում անհաս երեխաների շրջանում` փրկելով փոքրիկների տեսողությունը կյանքի հենց առաջին ժամերից։ Արդյունքում` ռետինոպաթիայով պայմանավորված վերջին տարիներին Հայաստանում կուրության դեպք չի արձանագրվել:
Նորածնային կարմիր ռեֆլեքսի սկրինինգ.
Այս տարի մեկնարկել է բոլոր նորածինների տեսողության ստուգման այս նոր ծրագիրը։ Արդյունքում՝ արդեն իսկ 5 նորածնի մոտ հայտնաբերվել է խնդիր:
Սքրինինգը հնարավորություն է տվել վաղ փուլում հայտնաբերել խնդիրն ու ժամանակին սկսել բուժումը` կանխելով լրջագույն բարդությունները:
Մանկական այլ տարիքային խմբերում տեսողության սքրինինգային փորձարարական ծրագիր է իրականացվել «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի հետ հանրապետության երկու մարզերում՝ Սյունիքում ու Վայոց ձորում:
Երեխաների տեսողության պահպանման համար պարտադիր իրականացրեք կանխարգելիչ այցեր:
Սահմանափակե՛ք էկրանային ժամանակը։ Բացօթյա խաղերն ու բնական լույսը հիանալի կանխարգելում են կարճատեսությունը։
Հիշե՛ք երեխայի առողջությունն ու առաջադիմությունը սերտ կապված է տեսողության պահպանման հետ»,- ասվում է հաղորդագրությունում։



