ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայի և Հայաստանի սահմանի բացումն ամբողջությամբ կախված է Երևանի քայլերից․ աղբյուր

Թուրքիայի և Հայաստանի սահմանի բացումն ամբողջությամբ կախված է Երևանի քայլերից․ աղբյուր

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանի բացման հարցում, ամբողջովին կախված է այն քայլերից, որոնք կձեռնարկի պաշտոնական Երևանը: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:

Օրերս «Hürriyet» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, Անկարան դեմ չէ առաջարկին։

«Ինչ վերաբերում է մեր (Թուրքիայի և Հայաստանի. խմբ.) հարաբերությունների կարգավորմանը, բուն գործընթացին, որի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ, ապա հերթական քայլերի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ մենք տեսնենք Երևանի կառուցողական, անկեղծ և խաղաղասիրական մոտեցումը: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները», - ասել է աղբյուրը:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, համագործակցության լայն հնարավորություններ կան։

«Նման մոտեցման առկայության դեպքում, կարծում եմ, մենք կտեսնենք կոնկրետ տեղաշարժեր այդ գործընթացում, ընդհուպ մինչև սահմանի հարցը», - ասել է նա։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

  • Կիսվել: