Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հավաքի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային համագործակցության հեռանկարները, Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր։
Նշվում է նաև, որ նախարարները քննարկել են հետհակամարտային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև գլոբալ անվտանգության մարտահրավերները։
Բայրամովը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել «հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին»: Նա հայտարարել է, թե «խաղաղության գործընթացի առջև ծառացած խնդիրներ կան»։
Բայրամովը կրկնել է ադրբեջանական թեզերը, թե «անհանգստության աղբյուրը մնում է Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջների շարունակումը», ինչպես նաև այն, որ Հայաստանն այդ ուղղությամբ համակարգված աշխատանք տանելու փոխարեն անտեսում է խնդիրը»։
Բացի այդ՝ Ադրբեջանի ԱԳՆ-մն հայտնել է, որ Թուրքիան միշտ աջակցում է տարածաշրջանում եղբայրական Ադրբեջանի խաղաղության ջանքերին, և հույս է հայտնել, որ այդ գործընթացը մոտ ապագայում կավարտվի։