հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիայի դերը հետպատերազմյան Հարավային Կովկասում. տեսակետներ

Թուրքիայի դերը հետպատերազմյան Հարավային Կովկասում. տեսակետներ

Թուրքիան ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին ԼՂ հակամարտության ընթացքում: Գոհ է արդյո՞ք Անկարան արդյունքներից: Վերլուծաբաններն ու քաղաքական գործիչներն անդրադառնում են հարցին, գրում է "Ամերիկայի ձայնը

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ նոյեմբերի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի հետ կապված հարցեր: Կողմերը նշել են խաղաղության հաստատմանն ուղղված միջոցառումների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը: Կրեմլի հաղորդմամբ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ կապված հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման և ռազմական գործողությունների վերահսկման կենտրոնի ստեղծման հետ:

Հարավկովկասյան տարածաշրջանում աճում է Թուրքիայի ազդեցությունը, այդպես է կարծում Heritage հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆֆին: Նրա կարծիքով, Բաքուն Թուրքիային դիտարկում է որպես տարածաշրջանում ռուսական գերիշխանության կարևոր հավասարակշռություն, իսկ Անկարան երբեք չի թաքցրել Բաքվին աջակցելու իր դիրքորոշումը՝ ելնելով սերտ մշակութային, տնտեսական, պատմական կապերից:

՛՛Թուրքիան հաղթող դուրս եկավ այս իրավիճակից: Կարծում եմ նրան հաջողվեց փոխել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Հարավային Կովկասում և այն ավելի մոտեցնել Անկարային՝ հեռացնելով Մոսկվայից՛՛ ,-ասում է Քոֆֆին:

Չնայած շուրջ մեկ դար Թուրքիան Հարավային Կովկասում չի ունեցել ռազմական ներկայություն՝ Անկարան մշտապես ներգրավված է եղել տարածաշրջանում տնտեսական և էներգետիկ ծրագրերի միջոցով, նշում է վերլուծաբանը: Այժմ, ըստ նրա, այն կունենա նաև որաշակի ռազմական ներկայություն Ադրբեջանում դիտորդական առաքելության շրջանակներում: Ինչպիսի տեսք կունենա այս ներկայությունը, ըստ վերլուծաբանի, դեռևս անորոշ է: Քոֆֆին կարծիք է հայտնում, որ Թուրքիան ակտիվորեն կներգրավվի ԼՂ հակամարտության գոտու վերակառուցման աշխատանքներին:

՛՛Թուրքական շինարարական ընկերությունները, հավանաբար, մեծ դեր կխաղան այս ամենի մեջ, և նրանց կվստահի նաև Ադրբեջանը՛՛,- գտնում է Քոֆֆին:

Սակայն Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Ահմեդ Ունալ Չավիքոզը German Marshall Fund կենտրոնի կազմակերպած քննարկմանը կարծիք է հայտնում, որ ԼՂ շուրջ վերջին զարգացումների արդյունքում Ռուսաստանին հաջողվեց վերականգնել իր ազդեցությունը տարածաշրջանում ի դեմս ԼՂ-ի տարածք խաղաղապահ ուժերի մուտքի: Նախկինում, ըստ նրա, բոլոր հետխորհրդային հակամարտություններում՝ Մերձդնեստրում, Վրաստանում, Դոնբասում, Ռուսասանը եղել է ներգրավված ու ունեցել է ռազմական ներկայություն, բացառությամբ ԼՂ հակամարտության, որը հայ-ադրբեջանական խնդիր է: Սակայն, ըստ ընդդիմադիր գործչի, իրավիճակը փոխվել է ռազմական գործողությունների արդյունքում: Այժմ ռուսական զորքերը տեղակայվել են նաև ղարաբաղյան հակամարտության գոտում, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը մնում է անորոշ:

''Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ԼՂ խնդրի վերջնական կարգավորման հարցում, և սա նաև մեր կուսակցության դիրքորոշումն է: Այժմ սակայն կարծում եմ խնդիրը գտնվելու է բանակցային ու դիվանագիտական հարթության վրա՛՛,- ասում է Ահմեդ Ունալ Չավիքոզը:

Նա հաստատված հրադադարի պայմանագիրը չի դիտարկում որպես հաշտության վերջնական պայմանագիր: Դրան հասնելու համար անհրաժեշտ է որոշ ժամանակ: Եթե հաշտության պայմանգիրն ու բանակցությունները հաջողություն արձանագրեն, ապա կպահանջվի նաև հայ-թուրքական սահմանի բացում, նշում է թուրք գործիչը: Չավիքոզը առաջարկում է կրկին վերադառնալ տարիներ առաջ Թուրքիայի առաջ քաշած 3+2 խաղաղության և կայունության հարթակին, որը պետք է ներառեր երեք հարավկովկասյան հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև երկու տարածաշրջանային տերություններ՝ Թուրքիան և Ռուսաստանը:

՛՛Անհրաժեշտ է, սակայն, երկու հիմնական տարրերի առկայություն: Հաշտության համաձայնագիրը պետք է վերածվի երկարաժամկետ խաղաղության պայմանագրի, և երբ դա հնարավոր է, վստահ եմ, որ Թուրքիան կարևոր նպաստող դեր կխաղա խաղաղության այս պայմանագրի հարցում: Հայ-թուրքական հարաբերություններն ու սահմանի բացումը կարող են կարևոր դեր խաղալ երկարատև խաղաղության պայմանագրին հասնելու պահին՛՛,- ասում է նա:

Չավիքոզը վստահություն է հայտնում , որ Անկարայի քաղաքականությունը Հարավային Կովկասում կապ չունի ՆԱՏՕ դաշինքի դիրքորոշումների հետ, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի համար ԼՂ հակամարտությունը չի ներկայացնում որևէ լուրջ հետաքրքրություն, իսկ Թուրքիայի գործողությունները չեն նպաստում Անկարայի դիրքերի ամրապնդմանը ՆԱՏՕ-ի շարքերում: Նա քննադատում է Էրդողանի կառավարության որոշումը Ս- 400 հրթիռային համակարգերի ձեռք բերման մասին՝ այն որակելով ավելի քան երկու միլիարդ դոլարի անիմաստ վատնում, քանի որ այս համակարգերը չեն կարող համահունչ լինել Թուրքիայում առկա ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի հետ:

Նա հույս է հայտնում, որ ամերիկյան նոր վարչակազմի հետ հնարավոր կլինի բարելավել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Թուրքիան պետք է վերադառնա աշխարհիկ արտաքին քաղաքականությանը և զերծ մնա կրոնական գործոնի օգտագործումից ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության ոլորտներում, ընդգծշում է թուրք ընդդիմադիր գործիչը: Կրոնը չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով, պնդում է նա:

  • Կիսվել: