երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Թուրքիան կոշտ է արձագանքել Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության մասին ընդունված որոշմանը

Թուրքիան կոշտ է արձագանքել Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության մասին ընդունված որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Նիդերլանդների ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ընդունված որոշմանը վերաբերող հարցին, գրում է ermenihaber.am-ը:

Փետրվարի 25-ին Նիդերլանդների ներկայացուցիչների պալատում ընդունված և կառավարությանը 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող որոշման վերաբերյալ Աքսոյը նշել է, որ այն պատմությունը քաղաքական դրդապատճառներով վերաշարադրելու «իրավական ուժ չունեցող փորձ է»:

Աքսոյի համոզմամբ՝ խորհրդարանները պատմությունը գրելու ու դատելու վայր չեն:

«Այս որոշումն ընդունողները փոխարեն պարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1915թ., պոպուլիստի պես վազում են քվեի հետևից: Խնդրո առարկա որոշման տակ ստորագրողներին հրավիրում ենք 1948թ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ու ՄԻԵԴ որոշումները ստուգել, պատմական խնդիրը ավելի լավ հասկանալուն միտված ջանքերին աջակցել»,-ասել է նա:

Խոսնակը, այնուհետև անդրադառնալով թուրքական իշխանությունների կողմից Հայաստանին քանիցս ներկայացվող առաջարկին, պնդել է, որ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը, որին Հայաստանը չի պատասխանել, այդ ջանքերից գլխավորն է:

«Նիդերլանդների կառավարությունից մեր ակնկալիքն է, որ ընդունի օրենքի գերակայությունը պահպանող վերաբերմունք: Իսկ ներկայացուցիչների պալատը ավելի ճիշտ կանի վերջին շրջանում հաճախակի արվող իրականությունից կտրված, Թուրքիայի դեմ ուղղված որոշումների փոխարեն, ձգտի պայքարել գնալով չափերն անցնող այլատյացության, որին ամեն օր բախվում է Նիդերլանդների թուրքական համայնքը, իսլամաֆոբիայի ու այլոց նկատմամբ թշնամանքի և վերջապես խտրական գործողությունների դեմ, որոնք հանգեցրել են կառավարության հրաժարականին»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին:

 

  • Կիսվել: