շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիան և Ադրբեջանը փորձում են իրենց խնդիրները լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը. պատգամավոր

Թուրքիան և Ադրբեջանը փորձում են իրենց խնդիրները լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը. պատգամավոր

ԵԽԽՎ-ում քննարկվում է «Թուրքիայում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ նոր ճնշումներ. հրատապ անհրաժեշտություն Եվրոպայի Խորհրդի չափանիշների պահպանման համար» վերտառությամբ զեկույցը:

Ելույթ է ունեցել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Տարօրինակ չէ, որ ադրբեջանցի պատգամավորներն ավելի ակտիվորեն են պաշտպանում Թուրքիային, քան անգամ թուրք պատգամավորները, չէ՞ որ Ադրբեջանը քայլ առ քայլ վերածվում է Թուրքիայի շրջաններից մեկի: Ավելին, Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը ակնհայտորեն հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են իրենց խնդիրները լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը: Թուրքիան խոսում է հակաահաբեկչական պայքարի մասին, մինչդեռ հենց այս պահին Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղ, որոնք պետք է պայքարեն հայերի դեմ: Դրա մասին ես չեմ ասում, դրա մասին խոսում են միջազգային մամուլն ու մի շարք երկրների ղեկավարներ՝ հստակ փաստեր ներկայացնելով: Թուրքիան ակնհայտորեն աջակցում է Ադրբեջանին ոչ միայն դիվանագիտական առումով, ինչպես պնդում են, այլ նաև ակնհայտորեն հայտարարում է, որ պատրաստ է զորքեր ուղարկել՝ հաջակցություն ադրբեջանական ագրեսիայի:

Ադրբեջանում խոսում են ժողովրդավարության մասին այն դեպքում, երբ իրենք ղեկավարվում են մի բռնապետի կողմից 17 տարի շարունակ, և որտեղ փոխնախագահը նախագահի կինն է:

Ի վերջո, ներքին ու արտաքին քաղաքականությունը փոխկապակցված է, և այժմ ակնհայտ է, որ Թուրքիան ապակայունացնող դեր է խաղում աշխարհի տարբեր հատվածներում: Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում»,- իր ելույթում ասել է նա:

  • Կիսվել: