շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Թուրքերը թիվ մեկ գերտերության կողմից որակվել են Ցեղասպան ժողովուրդ․ ի՞նչ կլինի հիմա. Սուրեն Սարգսյան

Թուրքերը թիվ մեկ գերտերության կողմից որակվել են Ցեղասպան ժողովուրդ․ ի՞նչ կլինի հիմա. Սուրեն Սարգսյան

Թուրքերը թիվ մեկ գերտերության կողմից որակվել են Ցեղասպան ժողովուրդ․ ի՞նչ կլինի հիմա: Այս և մի շարք այլ հարցեր է բարձրացնում միջազգայնագետ  Սուրեն Սարգսյանը, ում գրառման մեջ կարդում ենք․

«Ճանաչու՞մ: Ինչու՞ հիմա: Ի՞նչ դա կտա: Ի՞նչ ռիսկեր: Իրավական vs քաղաքական ճանաչում: Փորձել եմ պատասխաններ գտնել

Ճանաչում:

Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը քաղաքական հստակ գնահատական է, որն այսօրվանից համարվում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Սա ճանաչում է և վերջ: Սա նաև հիմք է իրավական գործընթաց սկսելու համար, ասենք օրենքի ուժով մերժումը արգելելու կամ ասենք ապահովագրական ընկերություններից կամ ամերիկյան բանկերում սառեցված միջոցներից փոխհատուցում ստանալու համար: Սա չի հանգեցնելու որևէ փոխհատուցման, քանի որ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը (տես Գերմանիայի և Հոլոքոսթի օրինակը):

Ռեյգանը չէր ճանաչե՞լ:

Ոչ, չէր ճանաչել: Խոսելով Հոլոքոստի մասին նա հղում էր տվել Ցեղաապանության վրա: Բայց 1982թ. ի վեր դա չդարձավ ԱՄՆ կառավարության դիրքորոշում: Ժամանակներն էին տարբեր, ԽՍՀՄ-ն կար, պահանջատիրությունը այդքան ազդեցիկ չէր, իսկ Քեն Խաչիկյանի կողմից գրված Ռեյգանի տեքստի պատմությունն այլ թեմա է

Կարո՞ղ է վաղը այլ նախագահ հետ կանգնի ճանաչման փաստից: Տեսականորեն այո, բայց դա շատ քիչ հավանական է ու չափազանց բարդ:

Ինչու՞ հիմա:

Շատերը փորձում են սա կապել Սյունիքի հետ, սակայն ես այլ դիտակետ էլ ունեմ: Սա ոչ թե արվել է որ մի բան տանեն, այլ արվել է քանի որ մի բան արդեն իսկ մեզանից տարել են:

1. 30 տարի ԱՄՆ-ն պնդել է, որ ԼՂ հարցում ռազմական լուծում չկա: Թուրքիայի միջամտությամբ Ադրբեջանը գնացել է ռազմական լուծման:

2. Թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմական մինիմումի վրա են:

3. Պատժում են Էրդողանին (պատկերացրեք սա ինչ նվեր է թուրքական ընդդիմության համար՝ 100 տարի կանխեցինք ճանաչումը, քո պատճառով ճանաչվեց):

4. Էրդողանին պատժում են Սիրիայի, Լիբիայի, Միջերկրական ծովի, քրդերի, Կիպրոսի, Հունաստանի և այլ բաների համար (հիշում եք չէ՞ պապական «այս հարցը մեծերի ձեռքում մանրադրամ է» խոսքը):

5. Իրավիճակի դասավորվածությունը շատ կարևոր է: ԱՄՆ շահը բնականաբար առաջնային է: Թուրքիային ճնշել պետք է: ԱՄՆ-ն ակտիվանում է արտաքին քաղաքական դաշտում: Ներքաղաքական դիսկուրսում Թուրքիան ծայրաստիճան բացասաբար է ընդունվում: Այս ամենը պարարտ հող են ձևավորում համայնքի ճիշտ աշխատանքի համար և համայնքն անցնում է գրոհի: Իսկ ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրը բարենպաստ է:

Ռիսկեր

Կարող է՞ արդյոք Թուրքիան գազազել և ագրեսիվ բաներ անել: Միշտ էլ կարող է: Բայց այստեղ հետևյալ պատասխանը կա: Սա ԱՄՆ նախագահի խոստումն է իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին: Հայաստանն այստեղ կապ չունի: Մարդն իր ընտրողին բան է խոստացել ու արել է: Ամերիկացիներն ամեն ինչ արեցին, որ որոշումը շոկային չլինի: Տասնյակ զլմ-ներով «սլիվեր» կազմակերպեցին շաբաթներ շարունակ, Բայդենն էլ տեղեկացրեց իր մտադրության մասին Էրդողանին:

Շոկային իրավիճակներում գործողությունները անկառավարելի են:

Ի՞նչ դա մեզ կտա

Սրա կապիտալիզացիան անծայրածիր է: Թուրքիայի նկատմամբ ճնշումներից, մինչև նախադեպ՝ այլ պետությունների հետ աշխատելու համար: Այսինքն թուրքերը թիվ մեկ գերտերության կողմից որակվել են Ցեղասպան ժողովուրդ:

Մնացածը կախված է մեր ունակություններից ու դիվանագիտությունից:

Փորձեցի հնարավորինս կարճ ու ամբողջական ներկայացնել իրավիճակը»,-գրել է նա:

  • Կիսվել: