Թուրքական ընկերության հետ ենք խոսել, որ ապահովագրության հարցով իրենց փորձը հասկանանք. ԿԲ փոխնախագահ
Բերքի ապահովագրությունը ենթադրում է լուրջ ներդրումներ ենթակառուցվածքների տեսքով. երբ անցած տարի խոսում էինք նոր համակարգի ներդրման մասին, մենք պայմանավորվել ենք, որ ինստիտուցիոնալ, ճիշտ ձևով այս ամեն ինչը անենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9–ին, կառավարության նիստում նշեց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Նա նշեց, որ երբ խոսքը կարկտահարության մասին է, այստեղ վնասաբերությունը 250-ից 300% է. «Եթե ինչ-որ բանի վնասաբերությունը չորս-հինգ տարի 250-300% է, դա ապահովագրվող ռիսկ չի, որովհետև ապահովագրության իմաստն այն է, որ մի տարի 50% լինի, մյուս տարի 150% լինի և միջինում ապահովագրական ընկերությունները կարողանան այդ ռիսկը ստանձնել։ Մենք այդտեղ հաշվարկների, փաստացի ապահովագրության ծածկույթի հետ կապված լուրջ ներդրումների կարիք ունենք, ինչով հիմա զբաղվում ենք։
Մենք հիմա երկու մոդել ենք դիտարկում, աշխարհում լավագույն երկու մոդելները իսպանական ագրոսեգուրոյի մոդելն է և թուրքական թարսիմի, որը ըստ էության էլի իսպանացիներից է հիմնականում ոգեշնչվել։
Ակնհայտ է, որ ինստիտուցիոնալ փոփոխություններ են պետք, մասնավորապես, ապահովագրական փուլի գաղափարն է, որն այսօր մեր օրենսդրության մեջ չկա, պետք է ներմուծել։ Իմաստն այն է, որ ապահովագրականները միասին ռիսկ են ստանձնում ամբողջությամբ, այլ ոչ թե ապահովագրականները առանձին-առանձին, որը ռիսկերի բաշխման տեսանկյունից ապահովագրական ընկերությունների համար շատ ավելի կանխատեսելի է»,–ասաց նա։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորեց, որ պոտենցիալ շահառուները, որոնք կարող են լինել համակարգի մասնակից, նախապես տեղեկացված լինեն համակարգի հիմնական չափորոշիչներին և արտահայտեն իրենց կամքը, ունենան այդպիսի հնարավորություն։
Նուրբեկյանը հավելեց. «Մենք հենց երեկ էլ թուրքական Թարսիմի հետ էինք խոսում, որպեսզի իրենց փորձը հասկանայինք։
Մեր հիմնական խորհրդատուները ասում են, որ մեզ մոտ ամենամեծ խնդիրներից մեկը ապահովագրության ոլորտում, այսպես կոչված, անտիսելեկցիան է։ Դրա իմաստն այն է, որ քանի որ շատ դեպքերում ֆերմերները գիտեն, թե որտեղ է ավելի մեծ ռիսկ, գիտեն, որ այդտեղ 95-100% հավանականությամբ խնդիր է առաջանելու, իրենք իրենց մի քանի հողատարածքներից միայն դա են ապահովագրում և փաստացի ապահովագրական համակարգը մեծ վնասներ է կրում, նաև ապահովագրության տրամաբանությունը խախտվում է։
Օրինակ, առաջարկներից մեկն այն է, որ գյուղացին չկարողանա ընտրել։ Եթե ինքը որոշում է, որ ինչ-որ բան պետք է ապահովագրի, ապա ինքը պետք է իր բոլոր հողակտորները ապահովագրի»,– ընդգծեց ԿԲ փոխնախագահը։


