Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը. պարզաբանում
Երեկվանից տարածվում է տեղեկություն այն մասին, որ «Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել, իսկ որոշ հրապարակումներում դրանք ներկայացվում են նաև որպես «քանդման աշխատանքներ»։ Սա հանրության շրջանում առաջացրել է որոշակի անհանգստություն և մտահոգություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը:
«Հարկ է ընդգծել, որ տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։ Կարևոր է նաև արձանագրել, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։
Միաժամանակ հարկ է նշել, որ այս պահին տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։
Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը։
Աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կներկայացվի ամբողջությամբ՝ հստակեցնելով, թե ինչ աշխատանքներ են իրականացվում, ինչ նպատակով և ինչ արդյունք է նախատեսվում ունենալ։
Կոչ ենք անում այս թեմայի շուրջ չտարածել չճշտված տեղեկություններ և հանրային քննարկումը կառուցել փաստերի ու ստույգ տեղեկատվության հիման վրա»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել ու գրել. «Աղի Լճից երևացող հարակից լանջն է՝ այսօր, սեպտեմբերի 21-ին։ Էս աղբը թափողները երևի էսօր մեր երկրի անկախության կենցը կխմեն ու ասեն, որ դա մեր ամենաարժեքավոր ձեռքբերում է։
Այս և հարակից լանջերի բարեկարգումը չկա Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակված լճի բարեկարգման ծրագրի մեջ, բայց փոխարենը քաղաքապետարանի կողմից «տենդեռ չահողները», այսօր սկսեցին քանդել լճի հարակից եղեգնուտը, որոնք լճի համար բնական ֆիլտր են հանդիսանում, ու դրանց տեղը հետագայում պետք է «կաֆել-մետլախ» լինի։
Մարդիկ տասնամյակներ շարունակ գալիս են Աղի լիճ, որպեսզի վայելեն այն, ինչը տրված է բնության կողմից, իսկ քաղաքապետարանը պետք է բարեկարգի լճից դուրս հատվածները՝ չխաթարելով լճի էկոհամակարգը»։
Ավելի ուշ նա շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու գրել. «Նախագծում արվելու է փոփոխություն և Աղի լճի էկոհամակարգը չի խախտվելու։ Լճի ներսում որևէ աշխատանք չի արվելու։ Լճի կողքի եղեգները չեն քանդվելիւ և մնալու են այնպես, ինչպես կան։ Լճի հարակից պատերը մնալու են այնպես ինչպես կան»։



