Թուրքական բարձրաստիճան զինվորականներն ընդգրկված են Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում թուրք բարձրաստիճան զինվորականներ մասնակցությանը, ինչպես նաև հակամարտության գոտու փախստականների վերադարձի հնարավորությանը։
Al Jazeera - Դուք խոսում եք փախստականների վերադարձի մասին՝ միայն Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից, Ադրբեջանից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և ընդհարապես հակամարտության գոտու փախստականների վերադարձի մասին: Եվ սա բավական լուրջ նշաձողի իջեցում է: Այս նշաձողի իջեցման արդյունքում ձևավորվել էր փաստաթուղթ, որը, ըստ էության, համաձայնեցված էր արդեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Բայց Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց ընդունել այս փաստաթուղթը: Եվ այս պրոցեսը ցույց է տալիս, թե ինչու հարցը չի կարգավորվել: Որովհետև ամեն անգամ, երբ հայկական կողմը որոշակի ճկունություն է ցուցաբերում և նույնիսկ մի փոքր զիջում է իր դիրքերից, դա արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար:
Al Jazeera - Ի՞նչ հարաբերություններ ունեք Արևմուտքի հետ: Մարտական գործողությունների սկսելուց ի վեր Դուք ԱՄՆ նախագահի հետ չեք խոսել: Ձեր կարծիքով՝ դա որևէ բան մատնանշո՞ւմ է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես խոսակցություններ եմ ունեցել և մշտական կապի մեջ եմ Ֆրանսիայի նախագահի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդականի հետ: Մենք ընդհանրապես այս ընթացքում աշխատում ենք, որպեսզի ներկայացնենք միջազգային հանրությանը տեղի ունեցողի էությունը:
Իսկ տեղի ունեցողի էությունը հետևյալն է, և մենք պետք է վստահաբար ասենք, որ առանց Թուրքիայի հրահրման այս պատերազմը չէր սկսվի և տեղի չէր ունենա: Եվ կրկին ուզում եմ արձանագրել, որ Թուրքիան, արդեն իսկ միջազգայնորեն ընդունված փաստի հիման վրա, վարձկանների և ահաբեկիչների է վարձել և տեղափոխել հակամարտության գոտի: Թուրքական բարձրաստիճան զինվորականներն ընդգրկված են Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ, թուրքական զինուժը և ռազմական տեխնիկան ընդգրկված է Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ և ցանկանում եմ ընդգծել, որ սա ամենևին պատահականություն չէ:
Սա, իմ գնահատմամբ, Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտումն է, և մենք տեսնում ենք Թուրքիայի քաղաքականությունը: Տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովում և Հարավային Կովկասում: Թուրքիան իրականացնում է Օսմանյան կայսրության վերականգնման քաղաքականություն: Եվ ես որևէ կասկած չունեմ, որ այն էքսպանսիան, որ հիմա փորձ է արվում իրականացնել դեպի Միջերկրական, Հարավային Կովկաս, Սիրիա, Իրաք, ամբողջ արաբական աշխարհը Թուրքիան դիտարկում է որպես պոտենցիալ Օսմանյան կայսրության հպատակ:
Եվ ես որևէ կասկած չունեմ, որ եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպան և արաբական աշխարհը պատշաճ գնահատական չտան այս իրավիճակին և պատշաճ չարձագանքեն այս իրավիճակին, մենք կտեսնենք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հարավ: Եվ ուրախ եմ, որ կան բազմաթիվ արաբական երկրներ, ովքեր ճշգրիտ են գնահատում աշխարհաքաղաքական իրավիճակը և իրականացնում են անհրաժեշտ քաղաքական կանխարգելման, ռազմավարական կանխարգելման քայլեր:



