շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կերկարաձգվի․ Վահան Քերոբյան

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կերկարաձգվի․ Վահան Քերոբյան

Մեր ջանքերն այս պահին ուղղված են գյուղատնտեսության արտադրողականությունը բարձրացնելուն: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ շատ մեծ ջանքեր են ներդրվում նաև գյուղերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ՝ հավելելով, որ առկա են մասշտաբային գյուղատնտեսական աջակցման ծրագրեր:

«Երեկ այցելել եմ Արմավիրի մարզի Դաշտ գյուղ, որտեղ մի ներդրող մեծ ջրային տուրիստական պարկ է ստեղծում՝ 160 աշխատատեղով՝ ոչ գյուղատնտեսության մեջ: Մենք փորձում ենք այնպես անել, որ մարդիկ պարտադրված չլինեն փոքր հողակտորների վրա իրենց գոյությունը պահպանել, այլ ունենան այլընտրանքներ»,- ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ պատվաստումը կարևոր է բաց սահմաններ և ներդրումներ ունենալու համար:

Քերոբյանը վստահեցրեց, որ Թուրքիայի հետ սահման բացելու հարց օրակարգում չկա, ավելին՝ պատրաստվում են երկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը: 

«Երբ քաղաքական մակարդակով կկայացվի հարաբերությունները վերականգնելու որոշում, որն իմ լիազորություններից դուրս է, այդ ժամանակ մենք կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունը, ինչքան հնարավոր է, լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

  • Կիսվել: