հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տուգանվել է Բաստայի համերգի կազմակերպիչը

Տուգանվել է Բաստայի համերգի կազմակերպիչը

2021 թ. սեպտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ռուսաստանցի երաժիշտ Բաստայի համերգի ժամանակ միջոցառման կազմակերպիչ «ՍՈԼԱՐՏ» ՍՊԸ կողմից չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը, մասնավորապես՝ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։ Այդ մասին ասված է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում:
 
Ըստ այդմ՝ խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնների 21-րդ հավելվածի 10-րդ և 25-րդ կետերի պահանջները։
 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փաստի կապակցությամբ հարուցել է վարչական վարույթ և, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է «ՍՈԼԱՐՏ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար ենթարկել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով վարչական տույժի։

  • Կիսվել: