Թշնամին ճեղքել է այն հատվածում, որը եղել է գլխավոր հրամանատարի պատասխանատվության տակ. Օհանյան
Պետք չէ բարձրանալ այս ամբիոն եւ փորձել դասեր տալ, շատ մարդիկ պետք է զբաղվեն ինքնադաստիարակությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի կատարողանի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Խոսելով ՀՅԴ-ի վերաբերյալ իշխանական պատգամավորների ելույթների մասին՝ նա նշեց. ՛՛133 տարվա պատմություն ունեցող կուսակցությանը գնահատական են տալիս մարդիկ, որոնք 133 ամսվա քաղաքական որևէ մի կենսագրություն չունեն, այս կամ այն կուսակցություններից դուրս պրծնելով՝ հանգրվանել են այսօր քաղաքական իշխանության այս թիմում՛՛:
Անդրադառնալով կառավարության իրականացրած քայլերին, գործողություններին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ այս իշխանության օրոք բանակցային գործընթացում բոլոր ձեռքբերումները տապալվել են, հասարակությունը մասնատվել է։
՛՛Բանակն իր զարգացումն ապահովել էր տարածաշրջանում, հաղթանակած, մրցունակ բանակ է եղել, ի վիճակի էր պաշտպանել մեր հայրենիքը։ Բանակին թիկունքին էր պետք կանգնել։ Ընդ որում՝ ասեմ, որ այն ճեղքումը, որը տեղի է ունեցել պատերազմի ժամանակ, և այդ ուղղությամբ ադրբեջանական բանակը հասել է մինչև Շուշի ու Հայաստան, այդ ճեղքումը տեղի է ունեցել այն պատասխանատվության գոտում, որի հիմնական պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն էր, և իրենք պետք է ստեղծեին հրամանատարություն և պաշտպանությունը կազմակերպեին՛՛,-ասաց Օհանյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև կառավարության ծրագրին՝ ասելով, որ անվտանգության ոլորտը տապալված է, ինչը նշվում է նաև ծրագրում։
՛՛2022 թվականի կառավարության ծրագիրը ձախողվել է՛՛,-նշեց նա:



