երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ծաղկազարդը նախորդում է Չարչարանաց խորհրդին, որը նաև մեր կյանքի արտացոլանքն է. Բագրատ սրբազան

Ծաղկազարդը նախորդում է Չարչարանաց խորհրդին, որը նաև մեր կյանքի արտացոլանքն է. Բագրատ սրբազան

«Նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և ամբողջ էությամբ պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին»,-Բագրատ Սրբազանը  խոսք է հղել կալանավայրից։

«Օրհնեալ եկեալն անուամբ Տէառն…

Ծաղկազարդ է` Տիրոջ հրաշալի և փառավոր մուտքը Երուսաղեմ: Հրաշալի առիթ է մեզ համար թե՛ անհատապես, և թե՛ անձնապես, և թե՛ հավաքական առումով Ծաղկազարդվելու, նորոգվելու, բացելու մեր սրտերը` որպես հոգևոր Երուսաղեմ` Տիրոջ սրբագործող մուտքի և բնակության համար:

Գիտեք սակայն, որ Ծաղկազարդին հաջորդում է Ավագ կամ Չարչարանաց (չարչարանքների) շաբաթը` ուրացում, դավաճանություն, կեղծ դատավարություն, խաչելություն, բայց և ի վերջո Հարություն և Հաղթանակ:

Այսուհանդերձ, ավելի ճիշտ կլիներ ասել, որ Ծաղկազարդը նախորդում է Չարչարանաց խորհրդին, որը նաև մեր կյանքի արտացոլանքն է. կյանքը միայն Ծաղկազարդ չէ, և ոչ էլ միայն Չարչարանաց խորհուրդ, սակայն նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և ամբողջ էությամբ պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ:

Մեր Տիրոջ ճանապարհը այդպիսին էր և է, իսկ մերը` ընտրություն` ընթանալ այդ ճանապարհով, թե ոչ:

Մեր Տիրոջ օրհնությունը բոլորիդ հետ լինի, սիրելինե՛ր` մեր կյանքի Ծաղկազարդումի և մեր սրտերում Հիսուսի բնակության և մեր կյանքն առաջնորդելու խորհրդով և շնորհով:

Հիշե՛ք, Ծաղկազարդը խաչելության ճանապարհով ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ հասնելու դառը և’ ճանապարհն է, և’ այդ

Հաղթանակն այլընտրանք չունի...

Սիրով և աղոթքով`

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

29.03.2026»։

  • Կիսվել: