հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ Ռուբինյան (տեսանյութ)

Տրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ Ռուբինյան (տեսանյութ)

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից ի վեր առաջին անգամ ունենք հստակ պայմանավորվածություններ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Վիեննայում հուլիսի 1-ին Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ անցկացված թվով արդեն չորրորդ հանդիպմանը։

Խոսելով այն մասին, որկողմերը այդ օրը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել՝ համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար՝ Ռուբինյանը հստակեցրեց, որ երրորդ երկիր ասելով՝ հասկանում են բոլոր երկրները, բացի Հայաստանից և Թուրքիայից:

Նա նշեց. ՛՛Այսպիսի գործընթացներում շատ կարևոր է պայմանավորվածությունների իրագործումը, իսկ երբ խոսքը առաջին պայմանավորվածությունների մասին է, էլ ավելի կարևոր է դրանց ժամանակին իրագործումը, քանի որ դրանց իրագործումը կստեղծի վստահություն, չիրագործման դեպքում դա կխաթարի գործընթացը՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիեննայում կողմերը նաև պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։

Այս առնչությամբ Ռուբինյանն ասաց, որ Վիեննայում ձեռք է բերվել քաղաքական որոշում, իսկ տեխնիկական դետալները՝ սահմանի հատման վայրը, ռեժիմ և այլն, դեռ պետք է աշխատանքային կարգով համաձայնեցվեն երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջոցով։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ինչ ենք հասկանում՝ ասելով, որ այդ պայմանավորվածությունները պետք է կատարվեն ամենասեղմ ժամկետներում, Ռուբինյանն ասաց, որ կոնկրետ ժամկետ չի կարող ասել։ ՛՛Ես տրամաբանական եմ համարում, որ այդ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում՛՛,-նշեց նա։

Ռուբինյանի խոսքով՝ արդեն մոտ կես տարի առաջ է մեկնարկել կարգավորման այս գործընթացը, սակայն փաստ է, որ այսօր Հայաստանի և Թուրքիայի սահմանը բաց չէ, և դրա պատճառը Հայաստանում չէ, որ պետք է փնտրել. ՛՛Բայց նաև փաստ է, որ առաջին անգամ է, որ մենք ունենք պայմանավորվածություն։ Եթե այդ պայմանավորվածությունը իրագործվի, կարելի կլինի ասել, որ մի կարևոր քայլ առաջ ենք արել այս գործընթացում՛՛։

Հայաստանը, ըստ Ռուբինյանի, Թուրքիային առաջարկել է ցամաքային սահմանը բացել նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Նա հավելեց, որ եթե Թուրքիան առաջարկում է բանակցություններ վարել Թուրքիայում կամ Հայաստանում, կամ հայ պաշտոնյաներին հրավիրել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու, ապա տրամաբանական կլիներ, որ Թուրքիան համաձայներ նաև այս քայլին։

Հարցին, թե եղե՞լ է դեպք, որ հանդիպումների ընթացքում թուրք բանագնացը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապի Ադրբեջանի հետ՝ Ռուբինյանը պատասխանեց, որ նման բան չի եղել։ ՛՛Ոչ, այս երկու գործընթացները անջատ են՛՛,-ասաց Հայաստանի հատուկ ներկայացուցիչը և ընդգծեց որ, այդուհանդերձ, թուրք տարբեր պաշտոնյաների կողմից արվող հրապարակային հայտարարությունները կարող են նման տպավորություն ստեղծել, ինչը դրական չի կարող ազդել կարգավորման գործընթացի վրա։

Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե այս իշխանությունները Հայաստանը տանում են թրքացման՝ Ռուբինյանն ասաց, որ այդ պնդումները հիմնավորված չեն, չկա որևէ փաստ այդ մասին։ Հաղորդավարի հարցին, թե արդյոք թուրքերը չե՞ն պարտադրում հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից՝ Ռուբինյանը բացասական պատասխան տվեց։

Խոսելով այն մասին, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ընդդիմության հայտարարությունները օգնո՞ւմ են, թե՞ խանգարում, Ռուբինյանը նշեց՝ ո՛չ օգնում են, ո՛չ խանգարում:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: