երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տիգրանաշենին սպասվում է ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է. Խաչատրյան

Տիգրանաշենին սպասվում է ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է. Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու և նույն քաղաքականությունը շարունակելու դեպքում Տիգրանաշենին կսպասվի ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն էր։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
 Պատգամավորի խոսքով՝ չի կարելի տալ ինչ-որ բան և ասել՝ տալիս ենք՝ լավ ենք անում, որովհետև այլընտրանք կա։
 
Պատգամավորի համար հասկանալի չէ, թե ինչու է որոշվել սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնել 1975 թվականի քարտեզներով, և ոչ օրինակ 1920–ականների քարտեզներով, որը ՀՀ–ի համար ձեռնտու է։
 
«Չնայած հասկանալի է՝ Ադրբեջանը այդպես է ուզում, այդպես են անում»,–ասում է նա։
 
Խաչատրյանն ընդգծում է` նույն 1975 թվականի քարտեզով, օրինակ, Գորիս –Կապան ճանապարհը անցնում էր Խորհրդային Հայաստանի տարածքով։
«Եթե հիմա հիմք են ընդունում 1975 թվականի քարտեզը, ինչո՞ւ տարածքը զիջեցին Ադրբեջանին այդպես հապշտապ` առանց սահմանազատման և սահմանագծման»,–ասաց Խաչատրյանը և հավելեց․
 
«Հիշեցնեմ ձեզ՝ երբ իրենք Շուռնուխը հանձնեցին, փոխարենն առաջարկեցին, այսպես կոչված, նոր ճանապարհ, որը քանդվեց 3 ամիս անց։ Այլընտրանքնային ճանապարհը՝ Տիգրանաշենով անցնող ճանապարհը, հավանաբար ինքը Ուրցաձորի ճանապարհը նկատի ուներ, ասեմ, որ այդ ճանապարհն էլի ֆուռերի համար նախատեսված ճանապարհ չի, այսինքն՝ չի կարելի տալ ինչ-որ մի բան և ասել՝ դե տալիս ենք՝ լավ ենք անում, որովհետև այլընտրանք կա։ Կարող ես Երևանի կենտրոնը զիջել թուրքին ասել, դե Նուբարաշենից մինչև Ավան կարող ես ուրիշ ճանապարհով գնալ։ Դա ընդունելի չի»։
 

  • Կիսվել: