երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Տիգրան Սարգսյանը կհամակարգի ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների տնօրինությունը

Տիգրան Սարգսյանը կհամակարգի ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների տնօրինությունը

Եվրասիական զարգացման բանկում ստեղծվել է Թվային նախաձեռնությունների տնօրինություն: Նոր ստորաբաժանման աշխատանքը կհամակարգի ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Նորաստեղծ կառույցի հիմնական խնդիրն է ապահովել Թվային նախաձեռնությունների հիմնադրամի աշխատանքը: Հիշեցնենք՝ այս հիմնադրամը ստեղծվել է բանկի խորհրդի՝ հունիսի 30-ին տեղի ունեցած նիստում: Հիմնադրամի հիմնական նպատակն է ԵԱԶԲ անդամ երկրներին աջակցել թվային փոխակերպման գործիքների ու պրակտիկայի մշակման հարցում՝ տեղեկատվական ռեսուրսների ինտեգրման և նախագծերի մշակման ու ֆինանսավորման գործին մասնակցության միջոցով:

«ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի աշխատանքն անցնում է գործնական հարթություն: Արդեն իսկ 10 միլիոն դոլարի ներդրում կա՝ որ ձևավորվել է ԵԱԶԲ նախկին տարիների չբաշխված շահույթից: Առաջիկայում բանկի կայքում կհայտնվի հատուկ բաժին՝ մանրամասն տեղեկություններով: Սեպտեմբերի սկզբին արդեն կավարտենք հիմնադրամի գործունեության ծրագրի մշակման աշխատանքը: Մեր բաժնետերերն արդեն հանդես են գալիս սեփական նախաձեռնություններով»,- ասել է Սարգսյանը:

  • Կիսվել: