շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող կուսակցության երիտասարդներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող գործոնները

Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող կուսակցության երիտասարդներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող գործոնները

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող Նեա Դեմոկրատիա կուսակցության երիտասարդական թևի և ELIAMEP (Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական հիմնադրամ) վերլուծական ինստիտուտի երիտասարդ հետազոտողների համար հանդես է եկել դասախոսությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել հույն երիտասարդներին գիտական և քաղաքական ոլորտում ցուցաբերած հետաքրքրության համար, մասնավորապես ընդգծելով Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանում ընթացող գործընթացների առանձնահատկությունները։

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող գործոնները, տարածաշրջանում գտնվող երկրների արտաքին քաղաքականությանը բնորոշ գծերն ու նպատակները, գերտերությունների մոտեցումները, ինչպես նաև ՀՀ հարաբերությունները տարածաշրջանային երկրներից յուրաքանչյուրի և խոշոր խաղացողների հետ:

Տարածաշրջանային լարվածության ֆոնին դեսպանը կարևորել է հարատև և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը և Խաղաղության խաչմերուկ ծրագրի նպատակները:

Դեսպանն անդրադարձել է Հայաստան-Հունաստան հարաբերություններին՝ մանրամասն ներկայացնելով համագործակցության ոլորտներում առկա հաջողություններն ու հնարավորությունները: Նա առանձնացրել է հատկապես քաղաքական, երկխոսությունը, պաշտպանության, դիվանագիտական, մշակույթի, կրթության, սփյուռքի, ինչպես նաև խորհրդարանական ոլորտներում համագործակցության ուղղությունները:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-հունական երկկողմ օրակարգը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելուն ուղղված քայլերին, որին հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր ներդնել բոլոր ուղղություններով։

Դասախոսություններն ամփոփվել են մասնակիցների կողմից հետաքրքրություն ներկայացնող հարցերով ,որոնք վերաբերում էին ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության և անվտանգության օրակարգում առկա հարցերին:

  • Կիսվել: