երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հունաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսել սահմանազատման մասին

Հունաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսել սահմանազատման մասին

Մայիսի 23-ին Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը «Հայաստանն այսօր և նրա արտաքին քաղաքականությունը» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Պելոպոնեսի համալսարանի Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների դպրոցում։

Այս մասին հայտնել է դեսպանությունից։

Դասախոսությանը ներկա են եղել ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աստերիս Հուլիարասը, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, բակալավրիատի և ասպիրանտների ուսանողներ:

Դասախոսության ընթացքում դեսպանն անդրադարձել է հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, առկա խնդիրներին․ շահերի բախմանն ու համագործակցության ներուժին։

Դեսպանը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների մասին։ Դեսպանը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից Արդարադատության միջզգային դատարանի պարտադիր որոշումների, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթների խախտումները, խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ բիրտ ուժի կիրառման և նրանց բռնի տեղահանման ենթարկելու մասին։

Դեսպանը խոսել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, ինչպես նաև Հայաստան-Հունաստան համագործակցության ընդլայնման մասին՝ ելույթն ամփոփելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ներկայացմամբ։

Դասախոսության ավարտին հարցուպատասխան է եղել։

  • Կիսվել: