Թեժ քննարկում է եղել, բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը քննարկվել է, բայց դեռևս լուծում չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Շատ կարևոր եմ համարում, որ ԱԺ լսումների մասնակցիներն իրենց դիրքորոշումը հայտնեն այս հարցերի վերաբերյալ»,-ասաց նա։
Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը պատասխանեց. «Արցախի քաղաքացիների ընտրական իրավունքների հետ կապված շատ ծավալուն քննարկում ենք ունեցել, շատ թեժ, ձեզ բերվել են այն բոլոր հակափաստարկները՝ և իրավական, և խնդիրների, և Արցախի մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու առումով չվնասելու վերաբերյալ, որոնք այստեղ լրացուցիչ քննարկման կարիքը չունեն։
Այդուհանդերձ, ձեր կողմից գրավոր ներկայացրած առաջարկները ուշի-ուշով կուսումնասիրենք»։