հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թևան Պողոսյանը Արցախում ընտրական գործընթացների մեկնարկին թեկնածուներին առաջարկներ է ներկայացրել

Թևան Պողոսյանը Արցախում ընտրական գործընթացների մեկնարկին թեկնածուներին առաջարկներ է ներկայացրել

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը առաջարկներ է ներկայացրել Արցախի Հանրապետությունում սպասվող ընտրական գործընթացների մեկնարկին։ Այս մասին Պողոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա խորհուրդ է տվել քննարկել, ինքնակազմակերպվել, իրականացնել ու ապացուցել, որ գիտենք իրար հետ ապրել, գիտենք միմյանց հոգս ու ցավ կիսել, մենք գիտենք իրար պաշտպանել և միասնական լինել։

 «Որո՞նք են մեր առաջնահերթությունները՝ որպես սեփական ինքնություն ունեցող հանրույթ: Մեր հավատքը, մեր դպրոցը, մեր առողջությունն ու մեր անվտանգությունը: Ուստի, փորձենք խորհրդանշական մի քանի գործողությամբ սկսել և ամփոփել նախընտրական քարոզարշավը՝ ի ցույց դնելով մեր միասնականությունը այդ գործողություններում, իսկ խնդիրներին արձագանքելու մոտեցումների տարբերությունները քննարկել դրանց արանքում»,- գրել է Թևան Պողոսյանը:

Նա առաջարկել է, որ Արցախի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի առաջին օրը միասին սկսել Դադիվանքում՝ պատի ամրացման համար համատեղ աշխատանքով և սիմվոլիկ, հավասարաչափ նվիրատվությամբ.

Առաջարկել է նաև մեկ շաբաթ անց միասին այցելել որևէ կրթական օջախ, հանդիպել աշխատակիցներին և սովորողներին, համատեղ օգնել վերանորոգման որևէ աշխատանքին և սիմվոլիկ և հավասարաչափ նվիրատվություն կատարել հետագա աշխատանքների համար, քանի որ  «մեր միասնությունը որակյալ ԿՐԹՈւԹՅՈւՆՈւՄ է»։

Թևան Պողոսյանի երրորդ առաջարկն է՝ բոլոր թեկնածուներով այցելել նաև առողջապահական որևէ հաստատություն, քանի որ «մեր միասնությունը մեր ՀՈԳԱՏԱՐՈւԹՅԱՆ մեջ է»։

«Քարոզարշավի վերջին օրը բոլոր թեկնածուները կամ կուսակցությունների ղեկավարները միասին այցելում են որևէ զորամաս.

Մեր միասնությունը մեր ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆՆ է։

Միասնական այց Արցախի Հանրապետության որևէ զորամաս և միասնական աշխատանք որևէ կառույցի ամրապնդման գործում կամ սպասարկում խոհանոցում։

Ընդամենը 4000 դրամ սիմվոլիկ նվիրատվություն որևէ հիմնադրամի, որն զբաղվում է զինծառայողների խնդիրներով»,- գրել է Թևան Պողոսյանը:

  • Կիսվել: