հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թեհրանից պատասխանի են սպասում. Երևանը կստորագրի իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը

Թեհրանից պատասխանի են սպասում. Երևանը կստորագրի իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը

Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը՝ Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Ներկայում նախագծի մասնակիցները սպասում են, թե երբ Իրանը՝ տվյալ նախագծի գաղափարի հեղինակը, կհայտարարի համաձայնագրի ստորագրման ամսաթիվը: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի նախագիծը ենթադրում է չընդհատվող երթուղի, որը Դելին և Թեհրանը կապում է Եվրոպայի հետ Երևանի և Թբիլիսիի միջոցով, մուլտիմոդալ փոխադրումներով։ ՄՏՄ-ի գաղափարը Իրանն առաջին անգամ հնչեցրել էր 2016 թվականին, նախագծին միացել էին Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։ Այս ընթացքում աշխատանքային խմբերի վեց հանդիպում է անցկացվել (երկուական անգամ Իրանում և Բուլղարիայում, մեկական անգամ` Վրաստանում և Հայաստանում)։

Գերատեսչությունում հիշեցրեցին, որ վերջին անգամ նախագծի մասնակից երկրների, մասնավորապես Հայաստանի, Իրանի և Բուլղարիայի պատվիրակությունները հավաքվել են 2022 թվականի ապրիլի 6-7-ը Սոֆիայում` նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի վեցերորդ նիստին:

«Նիստի ընթացքում պատվիրակությունները ստորագրել են 6-րդ նիստի արձանագրությունը, որում ամրագրվել է, որ «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման համաձայնագրի նախագծի վերջնական տարբերակը պատրաստ է»,-նշվում է գերատեսչության պատասխանում։

Իրանական կողմը դիվանագիտական խողովակներով վեցերորդ նիստի արձանագրությունը և նախագծի վերջնական տարբերակը համաձայնեցման է ուղարկել տրանսպորտային միջանցքի մասնակից մյուս երկրներին` Վրաստանին և Հունաստանին։ Այդ երկրների ներկայացուցիչները պետք է այն ստորագրեին մինչև մայիսի 31-ը։ Պատասխան ստանալուց հետո Իրանը պետք է մյուս պետություններին տեղեկացներ արդյունքների մասին։

«ԻԻՀ-ից դեռևս տեղեկատվություն չի ստացվել։ Բոլոր երկրների կողմից համաձայնագրի վերջնական տարբերակի համաձայնեցումից հետո «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան կիրականացվի համաձայնագրի ստորագրման գործընթացը»,-նշել են գերատեսչությունում։

Նշենք, որ համաձայնագրի վավերացումից հետո կստեղծվի համակարգող մարմին/ կոմիտե, որը կզբաղվի մաքսային և հարկային ընթացակարգերի կանոնակարգի մշակմամբ։ Միջազգային տրանսպորտային միջանցքը Հայաստանին թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները, ազատորեն օգտվել Իրանի նավահանգիստներից, դառնալ կարևոր տարանցիկ հանգույց։
Սակայն միայն քաղաքական կամքը բավարար չէ։ Հայկական կողմը պետք է լուծի իր լոգիստիկ և ենթակառուցվածքային խնդիրները։ Մասնավորապես` կարճ ժամանակում ավարտին հասցնի երկրի հարավը հյուսիսին կապող ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը:

  • Կիսվել: