կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տեղի ունեցավ ԵԱՀԿ ԱՀՖ ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1540 բանաձևին

Տեղի ունեցավ ԵԱՀԿ ԱՀՖ ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1540 բանաձևին

Մայիսի 5-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի (ԱԽ) 1540 բանաձևին:

Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ բազմակողմ դիվանագիտության և սպառազինությունների վերահսկման ռեժիմների աստիճանական թուլացումը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմներում առկա բացերը և տեխնոլոգիական առաջընթացը կարող են պայմաններ ստեղծել ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման համար: Ընդգծվեց, որ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերի  վերահսկումն ու չտարածումը պահանջում են տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների միջև սերտ համագործակցություն և գործողությունների համակարգում, այդ թվում՝ վերահսկողության միջազգային արդյունավետ ու գործուն մեխանիզմների  ապահովման և ազգային կարողությունների զարգացման նպատակով պետություններին աջակցելու միջոցով:

Հանդիպմանը որպես բանախոսներ մասնակցեցին ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը, ՄԱԿ ԱԽ 1540 կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Ռայս-Հաուելը, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Գրիգորի Մաշկովը և ԱՄՆ Պետքարտուղարության ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի ազգային համակարգող Թոդ Փերին: 

ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվեցին զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման ուղղությամբ ՀՀ ջանքերը: Մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց Հարավային Կովկասում  ԴԱԵՇ, Ջաբհատ-ալ-Նուսրա և այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունեցող օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներկայության վրա, որն իրական սպառնալիք է ԵԱՀԿ տարածաշրջանային անվտանգությանը: Հետագա ահաբեկչական ակտերի կանխարգելման, ինչպես նաև այդ ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի հնարավոր օգտագործումը բացառելու նպատակով անհրաժեշտ համարվեց հետաքննման արդյունավետ մեխանիզմի ստեղծումը:

Նիստին  անդրադարձ կատարվեց ՄԱԿ ԱԽ 1540 կոմիտեի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես, ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի իրականացման 2021թ. համապարփակ վերանայման գործընթացին ընդառաջ: Քննարկվեց նաև ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային կազմակերպության ներդրումը չտարածման գլոբալ ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերում: 

  • Կիսվել: