չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Թե՛ ՄԱԿ-ում, թե՛ մյուս կառույցներում ըստ անհրաժեշտության ձեռնարկվելու են համապատասխան քայլեր. ԱԳ նախարար

Թե՛ ՄԱԿ-ում, թե՛ մյուս կառույցներում ըստ անհրաժեշտության ձեռնարկվելու են համապատասխան քայլեր. ԱԳ նախարար

Այսօր ԱԺ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ ՀՀ-Ռուսաստան խորհրդակցություններին՝ պատասխանելով հարցին, թե երբ կտեսնենք արդյունքները:

՛՛Երբ մենք բոլորս կտեսնենք, վստահ եմ, որ Դուք առաջինը կիմանաք՛՛,-նշեց նախարարը։ 

Անդրադառնալով հարցին, թե հայ-ռուսական խորհրդակցությունները ինչքան են շարունակվելու, և ե՞րբ է սկսելու հայկական կողմից մասնակցությունը, և հայկական իշխանություններն ի՞նչ դեմքով են մասնակցում այդ խորհրդակցություններին՝ Մնացականյանը նշեց. ՛՛Մեր խորհրդակցությունները շարունակվում են։ Այս պահի դրությամբ ավելին չեմ կարող ասել:

Մենք աշխատում ենք երեք համանախագահների հետ, մենք երեք երկրների հետ աշխատում ենք նաև առանձին՝ ըստ մեր ունեցած գործիքակազմի: Մեր ունեցած գործիքակազմն ամբողջ այս ժամանակաշրջանում առաջիկ իսկ օրվանից գործի է դրվել: Երբ մենք որոշել ենք, որ այդ նոր գործիքակազմի մեջ այս բաղադրիչն ենք օգտագործում, դա էլ գործի ենք դրել և շարունակելու ենք նույն ձևով: 

Խոսելով այն մասին, թե վարչապետի նամակից հետո սկիզբ առած գործընթացներ կան, թե՞ ոչ, Մնացականյանը նշեց. ՛՛Ես արդեն պատասխանեցի այդ հարցին՛՛:

Մնացականյանը խոսեց նաև Թուրքիայի դերի մասին Արցախյան պատերազմում: Անդրադառնալով հարցին՝ ինչ-որ գործողություններ Թուրքիայի դեմ լինելու՞ են՝ այդ երկրի դերակատարությունը զսպելու համար, թե ոչ՝ Մնացականյանն ասաց.

՛՛Շատ էական հարց է մեզ համար՝ զսպելու այն ագրեսիվ և ապակայունացնող քաղաքականությունը, որն արտահայտվել է նաև մեր տարածաշրջանում և արտահայտվել է անմիջապես մեր դեմ: Այդ առումով, բնականաբար, մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր շահագրգիռ գործընկերների հետ, որոնց անհանգստացնում է այս իրողությունը, որը խիստ ապակայունացնող է և անմիջապես զգացվում է մեր տարածաշրջանում, անմիջապես արտահայտվում է մեր հանդեպ ագրեսիայով: Ինչ վերաբերում է ահաբեկիչներին, այդ թեման առավել սուր է, և իրողություն դարձավ մեր տարածաշրջանում: Այդ երևույթի դեմ պայքարը շարունակելու ենք նաև միջազգային համագործակցության միջոցով, որը արդեն տեղի է ունենում՛՛: 

ՄԱԿ-ում այդ բանաձևերը չեզոքացնելու հնարավորության վերաբերյալ նա նշեց. ՛՛Մենք ունենք հստակ նպատակներ, որոնց համար կան գործիքակազմեր: Թե՛ ՄԱԿ-ում, թե՛ մյուս կառույցներում ըստ անհրաժեշտության ձեռնարկվելու են համապատասխան քայլեր: Բայց նորից եմ կրկնում, ամենակարևորը նպատակներին ծառայեցնելն է այն, ինչ որ կա՛՛։

Դիտարկմանը, թե Ռուսաստանից ասում են, որ կմիջամտեն այն ժամանակ, երբ իրավիճակը, ռազմական գործողությունները կտեղափոխվեն հայկական կողմ, սակայն մենք տեսնում ենք, որ Դավիթ Բեկ գյուղը հրթիռակոծվում է, այնտեղ նաև զոհեր կան՝ նախարարը պատասխանեց, որորոշումներն ընդունվում են՝ ըստ իրավիճակի գնահատման:

Հարցին՝ ինչու՞ նպատակահարմար չեք գտնում պաշտոնապես ՀԱՊԿ-ին դիմելու՝ Մնացականյանը պատասխանեց. ՛՛Մենք գործում ենք ըստ անհրաժեշտության, ըստ գնահատման՝ արդյունավետության առումով։ Ամեն ինչ արվում է ըստ գնահատման և խորհրդատվական մեխանիզմների միջոցով։ Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է այն բոլոր գործառույթները, որոնք անհրաժեշտ են իրականացնել հիմա՛՛։ 

Նախարարը խոսեց այն մասին, որ  մի քանի խումբ դիմում է վարչապետին, որպեսզի նախկինների աջակցությունից օգտվեն՝ խորհրդակցական մակարդակով, և նման շտաբի ձևավորման խոսակցությունն անընդհատ առաջանում է։ Պատախանելով հարցին, թե այս մասով  Մնացականյանը  իր նախկին գործընկերներին դիմելու պատճառ ունեցե՞լ է, թե ոչ՝ նախարարն ասաց.

՛՛Այդ հարցին ես կրկին ընդարձակ չեմ պատասխանի․ ամենն արվում է այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր համազգային նպատակների հասցեագրման համար՛՛։ 

  • Կիսվել: