ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էր, որին ընդդիմադիր պատգամավորները մի շարք սուր հարցեր էին ուղղում՝ բարձրացնելով նախագծի քաղաքական, իրավական և անվտանգային հնարավոր հետևանքների վերաբերյալ մտահոգություններ։

Սակայն քննարկման ընթացքում, բացի բուն փաստաթղթից ու նախարարի պատասխաններից, ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի պահվածքը։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորն ակտիվորեն արձագանքում էր ընդդիմադիրների հարցերին, միջամտում և գլխի շարժումներով հավանություն տալիս նախարարի յուրաքանչյուր արտաբերած խոսքին։ Տպավորություն էր ստեղծվում, որ Գրիգորյանը ամեն բան անում է՝ պաշտպանել նախարարին ընդդիմության քննադատությունից։

Բայց, իհարկե, գլխավոր պատճառն անձնական է։ «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր առիթներով տեղեկացրել է, որ Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանն, աշխատում է Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցում։ Պատգամավորի ամուսինը Արտգործնախարարության գլխավոր քարտուղարն է, դրա համար էլ պատգամավորը ամուսնու ղեկավարին պաշտպանելու համար նույնիսկ լուռ էր ջանքեր գործադրում՝ ժեստերով։

Ո՞վ է Հռիփսիմե Գրիգորյանը․

Հռիփսիմե Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 18-ին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա ուսումը շարունակել Կենտրոնական եվրոպական համալսարանում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։

Գրիգորյանը 2018 թվականից ներգրավված է Հայաստանի խորհրդարանական քաղաքականության մեջ։ Եղել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, հետագայում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր։

Ամուսինների ֆինանսական և գույքային դրությունը բարելավվել է վերջին տարիներին՝ պաշտոններ ստանալուն զուգահեռ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: