Թե 2021 թ-ին, թե 2026 թ-ին ունեմ դիսկոմֆորտ ՀՀ-ում իրավիճակի հետ. Արամ Վարդևանյան
Սահմանադրության և օրենսդրության տեսանկյունից` ԱԺ փոխնախագահի պաշտոնում իմ թեկնածությանը կողմ քվեարկելլը ենթադրում է ոչ թե քվեարկության հայեցողություն, այլ պարտականություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը։
«Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, որը ի զարմանս ինձ՝ վկայակոչվեց հենց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի կողմից, ուղիղ նախատեսում է, որ կան հարցեր, որոնք Սահմանադրի կամքով, թեև ձևական առումով ենթադրում են հայեցողություն, բայց էության մեջ՝ հանդիսանում են պարտականություն»։
Հարցին, թե ինչպես է պատկերացնում նրանց կողքին նստած աշխատանքը՝ Վարդևանյանն ասաց, որ դժվար է պատկերացնում, բայց թիմի կողմից կայացված որոշումները հարգում է։
Դիտարկմանը, թե 9-րդ գումարման խորհրդարանում է իրեն կոմֆորտ զգում, թե 8-րդ գումարման խորհրդարանում՝ նա պատասխանեց. «Ես՝ ինչպես մեր 100 հազարավոր քաղաքացիներ, ունեմ այնպիսի մտահոգություններ, որոնք այո այս իրավիճակում նույնիսկ ինչ-որ տեղ հարմարավետ գործունեությունս, ինչ-որ տեղ նաև ընտանիքիս ցանկությունները անտեսելով՝ ճիշտ եմ գտել, որ կրկին անցնեմ այս ճանապարհով։
Ուզում եմ հստակ ասել, որ ընդհանրապես պաշտոնները չէ նույն այս Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը չէ, որ էական գաղափարային, կիրառական նշանակություն ունի ներկա փուլում։ Մենք իսկապես տեսնում ենք, թե ինչ մարտահրավերներ կան և դրանով բնականաբար ամենից անհանգիստը մենք ենք։
Ինչ վերաբերում է կոմֆորտին, կարող եմ ասել, թե 2021 թվականին, թե 2026 թվականին ունեմ դիսկոմֆորտ ՀՀ-ում իրավիճակի հետ»,-ասաց Վարդևանյանը։



