հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ճշտելու հարցեր ունեին, տվեցին․ Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը 2-րդ անգամ հրավիրվել ԱԺ քննիչ հանձնաժողով

Ճշտելու հարցեր ունեին, տվեցին․ Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը 2-րդ անգամ հրավիրվել ԱԺ քննիչ հանձնաժողով

«Հանձնաժողովի անդամների մոտ լրացուցիչ հարցեր էին առաջացել, որոնց պարզաբանում տալու համար հրավիրվել էի հանձնաժողով», -այսօր Ազգային ժողովի ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը։

Նշենք, որ սա Կարապետյանի երկրորդ այցելությունն ու «հարցաքննությունն» էր ԱԺ քննիչ հանձնաժողովում։

Ըստ մամուլի հրապարակումների, Կարապետյանին նորից հրավիրելու անհրաժեշտությունն առաջացել էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունից հետո, քանի որ վերջինը որոշ տվյալներ էր հաղորդել հանձնաժողովին, ինչը պարզաբանելու կարիք է առաջացել։ Նա չպատասխանեց հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված իրեն երկրորդ անգամ հանձնաժողով կանչելը։

«Այդ հարցը տվեք հանձնաժողովին։ Ճշտելու հարցեր ունեին, տվեցին։ Ընդհանուր առմամբ, ինձ վերաբերող բոլոր հարցերը գաղտնի են, դրա համար չեմ կարող ձեզ հետ շփվել, ինձ կներեք», -ասաց Կարապետյանը։

Երբ լրագրողները պնդեցին նույն հարցը, Կարապետյանը արձագանքեց․

«Իմ ունեցած տեղեկությունները գաղտնի են, չեմ կարող խոսել։ Ադրբեջանի համար կարևոր է իմանալ՝ հետախուզությունը իմացե՞լ է հարձակման մասին, թե ոչ։ Երկու պատասխանն էլ կարևոր է։ Եթե չենք իմացել, դա էլ է իրենց համար կարևոր, եթե իմացել ենք՝ դա էլ է նրանց համար կարևոր։ Ոչ թե ես չեմ ուզում խոսել, հարցն այն է, որ մենք չենք կարա իրանց ասենք։ Սա շատ կարևոր է»։

Նա նշեց, որ բոլոր իրեն ուղղված հարցերին պատասխանել է և ընդգծեց, որ «10 անգա էլ պետք լինի, 10 անգամ էլ կգա»։

  • Կիսվել: