շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տասնյակ «վերլուծաբաններ», «քաղաքական գործիչներ», «հասարակական գործիչներ» փորձում են համոզել, որ Հայաստանը պետք է անորոշ լինի. Ալեքսանյան

Տասնյակ «վերլուծաբաններ», «քաղաքական գործիչներ», «հասարակական գործիչներ» փորձում են համոզել, որ Հայաստանը պետք է անորոշ լինի. Ալեքսանյան

«Մեզ փորձում են համոզել, թե առավելագույնը, ինչին կարող է հավակնել Հայաստանի Հանրապետությունը 29.800 քառակուսի կիլոմետրն է»,- ահա այս նախադասությամբ են իրենց օրը սկսում ու ավարտում տասնյակ «վերլուծաբաններ», «քաղաքական գործիչներ», «հասարակական գործիչներ» ու կամ այլ ձևական զբաղվածություն ունեցող ազդեցության գործակալներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը․

«Այս մտքի նպատակը մեկն է՝ համոզել, թե Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը կարևոր չէ, թե Հայաստանը ինքնին կարևոր չէ, թե Հայաստանը՝ իր ներկայիս սահմաններում ընդամենը տռամպլին է՝ «Իսկական, մեծ, ճոխ Հայաստանին» հասնելու համար։

Հենց այս միտքն է, որ տարիներ շարունակ որպես արդարացում օգտագործվել է Հայաստանը կեղեքելու, ժողովրդին ունեզրկելու, պետական հարստությունը սեփական տանը ոսկեզօծ զուգարանակոնքի կամ վերելակի վերածելու ժամանակ։ Բայց դա արվել է, ոչ թե այս միտքը հորինողների ու ներդնողների, այլ դրանց կատարածուների կողմից։

Միտքը հորինողները փոքր ինչ ավելի մեծ նպատակներ են հետապնդել. օրինակ՝ ամեն կերպ ապալեգիտիմացնել Հայաստանի միջազգային խոսույթը, Հայաստանը դարձնել միջազգային իրավունքից դուրս գտնվող մի «իզգոյ», որը չունի կոնկրետ սահմաններ նույնիսկ սեփական ժողովրդի ընկալմամբ, որը չունի հստակություն, չունի որոշակիություն։ Ու Հայաստանի որոշակիության չլինելը, սիրելի քաղաքացիներ, ոչ թե նրա համար էր, որ Հայաստանը ծովից ծով դառնար, այլ որ մի ինչ-որ պահի ուղղակի չլիներ, տարրալուծվեր, վերանար ու լավագույն դեպքում մի մեծ բանի կազմում մի փոքր բան դառնար։ Ու հենց այս նպատակին են ծառայում այն մանրումիջին պաթոսաշաղախ «հայրենասերները», որոնք առավոտից երեկո փորձում են համոզել, որ Հայաստանը պետք է անորոշ լինի, Հայաստանը պիտի սահման չունենա, Հայաստանը պիտի ուրիշ լինի։

Իմ տունը, իմ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է ու այն հավերժ է»։

  • Կիսվել: