ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տարածքային վեճ չունենք Ադրբեջանի հետ, մենք փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց  տարածքային ամբողջականությունը․ Արշակյան

Տարածքային վեճ չունենք Ադրբեջանի հետ, մենք փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը․ Արշակյան

Հարցը վերաբերում է ՀՀ և Ադրբեջանի հարաբերություններին, խաղաղության պայմանագիրը կնքվելու է  այս երկու սուբյեկտների միջև։ Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք  որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանի նկատմամբ, դա, ըստ էության, նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք  ճշգրտել պետական սահմանները և  այն տարածքները, որոնք պատկանում են մեր պետություններին։ Ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն անդրադառնալով վարչապետի՝ օրեր առաջ արված հայտարարությանը ՀՀ-ի և Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցի վերաբերյալ։ 

Արշակյանը հիշեցրեց, որ սեղանին դրված որևէ պատրաստի փաստաթուղթ չկա, շրջանառվող խոսակցությունները և հայտարարությունները դեռ տարվում են խաղաղության պայմանագրի կնքման շուրջ մոտեցումների վերաբերյալ, սկզբունքները ճշգրտման կարիք ունեն։

Հարց հնչեց խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ մոտեցումներում Արցախի հարցն ինչպե՞ս է ընկալվում, երբ խոսում ենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելիս 86․600 ք․կմ-ի մեջ մտնում է նաև Արցախը․ «Ամբողջ ընկալումը հետևյալն է՝ արցախահայության իրավունքների  և անվտանգության հարցի կապակցությամբ պետք է ստեղծվի միջազգային ֆորմատ, որտեղ երկխոսության մեջ պետք է մտնեն Ստեփանակերտը և Բաքուն ։ Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, եթե Արցախը խոսում է իրավունքների մասին, ուրեմն  ինքը ներկա է այդ բանակցությունների սեղանի շուրջ։ Մեր ամբողջ բանակցությունների տրամաբանությունն այս առումով փոխվել է այն ժամանակ, երբ  Արցախը բացակայել է այդ սեղանից։ Ուզում ենք նաև դրա պատճառահետևանքային կապն իմանանք։ Այն պահից, երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է բանակցել ոչ միայն ՀՀ, այլ Արցախի անունից, անուղղակիորեն պարզվել է  այնպես, որ ՀՀ-ն տարածքային վեճ ունի Ադրբեջանի հետ։ Մենք ասում ենք, որ տարածքային վեճ չունենք Ադրբեջանի հետ, մենք փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց  տարածքային ամբողջականությունը և դրանից հետո ստեղծվում են միջազգային մեխանիզմներ, որոնք պատասխանատու են Արցախի և Ադրբեջանի երկխոսության  և այնտեղ արցախահայության  իրավունքների և անվտանգության երաշխիքների  համակարգի ստեղծման համար»։ 

  • Կիսվել: