Տարածքային ամբողջականության կիրառումը օկուպացված Շահումյանի շրջանի, Հադրութի եւ մյուս տարածքների դեօկուպացիան է.Օրբելյան
Վեճերի լուծման համար մեկ գործիքը բանակցությունն է. բանակցություններում ի սկզբանե տանուլ տված կլինեք, եթե նստեք սեղանի շուրջ եւ ասեք՝ դուք ճիշտ եք ասում, ես ձեզ պետք է զիջեմ, դա բանակցություն չէ, դա կապիտուլյացիա է: Այս մասին այսօր Երեւանում անցկացվող «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին իր ելույթում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը:
Նրա խոսքով՝ Արցախն ունի անկախության կարգավիճակ. «Այսինքն՝ բոլոր հանգամանքները կարող են քննարկվել. խնդիրն այն է, թե ինչ ֆորմատով եւ ինչի համար»:
Անդրադառնալով Լաչինի միջանքը բացելու մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշմանը՝ Արամ Օրբելյանն ասաց, որ եթե դրան չի հետեւում այդ գործիքակազմի հետագա օգտագործումը, ապա այդ գործիքն ընդամենը դառնում է որոշում եւ վերահաստատում է Ադրբեջանի մոտեցումները.
«Ավելին, արդյունքում դա դառնում է պարտություն մեր համար, որովհետեւ դատական գործընթացում հայտնած որոշակի կարծիքներ հետագայում փորձելու են օգտագործել՝ ապացուցելու համար, որ Հայաստանն ունի դիրքորոշում, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Կան մարդիկ, որոնք ասում են՝ Արցախը հանձնենք Հայաստանը պահելու համար: Հեռվից որ նայում ես այդ ձեւակերպմանը, տրամանաբանական է, բայց Ադրբեջանն ասե՞լ է, Արցախը տվեք, Հայաստանը՝ ձեզ, նա ասել է՝ Արցախը տվեք, Հայաստանը տվեք, Սյունիքը տվեք, Սեւանը տվեք, Երեւանը տվեք: Բացում ենք Թուրքիայի փաստաթղթերի ազգային ուխտը, մնացածն էլ Թուրքիան է ուզում: Իրականում Ադրբեջանը ոչ թե մեզնից չի ուզում, այլ ուղղակի ասում է՝ դա ձերը չի, թուրքերինն է»:
Նա շեշտեց, որ միջազգային իրավունքում ուժի օգտագործումն արգելված է: ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ բոլոր պետությունները պետք է ձեռնպահ կմնան ուժի օգտագործումից այլ պետության տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին հակասող այլ եղանակով:
«Ես կողմ եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվի տարածքային ամբողջականության խնդրի շրջանակներում: Դա ունի նորմատիվ պարունակություն: Տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառումը ենթադրում է Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանի շրջանի, Հադրութի եւ մնացած տարածքների դեօկուպացիա»:
Օրբելյանի խոսքով՝ Հայաստանը մինչեւ 2018 թվականը Արցախի հարցում հետեւողական է եղել, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ միջոցներով եւ Մինսկի խմբի շրջանակներում: