ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես են աշխատելու. Փաշինյան

Տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես են աշխատելու. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում առկա է ընդհանուր պատկերացում, թե ինչպես են դրանք աշխատելու: Այս մասին Սոչիում եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ուզում եմ հաստատել, որ մենք ունեցանք շատ դրական հանդիպում, զրույց, մենք փաստացի քննարկեցինք օրակարգի բոլոր հարցերը: Սա հանդիպում էր՝ ոչ թե խնդիրները թաքցնելու համար, այլ սա հանդիպում էր, որտեղ մենք բաց քննարկեցինք բոլոր հարցերը: Եվ ուզում եմ նշել, որ շատ դրական է, որ շատ հարցերի շուրջ մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, պարզվեց, որ որոշ հարցերում մենք տարընթերցումներ չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ:

Ես ուզում եմ ասել, որ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում մենք արձանագրեցինք, որ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես են աշխատելու այդ կոմունիկացիաները՛՛:

ՀՀ վարչապետն ասել է նաև, որ կողմերը քննարկել են նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսելու թեման, նաև ընդունել եռակողմ հայտարարություն, որտեղ, նրա խոսքով,  ֆիքսել են, որ մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, ՛՛այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծել անվտանգության և կայունության մեխանիզմներ՛՛:

Փաշինյանը հանդիպումը, քննարկումն ընդհանուր առմամբ գնահատել է շատ դրական՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ռազմավարական գործընկերոջը՝ ՌԴ-ին իր նախաձեռնության համար: Ըստ նրա՝ եթե այս հանդիպման հիման վրա հնարավոր լինի զրույցի որոշակի դինամիկա ստեղծել, ապա կարելի է կոնկրետ արդյունքներ ակնկալել:

Փաշինյանն այս հարցում հայտնել է Հայաստանի, ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ բացելու խաղաղ զարգացման դարաշրջան երկրի, տարածաշրջանի համար:

  • Կիսվել: