կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն. ՀՀ ԱԳՆ

Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է News.am-ի դիտարկումն այն մասին, որ ադրբեջանական կողմը բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հանրային տիրույթում շարունակում է օգտագործել ՛՛Զանգեզուրի միջանցք՛՛ եզրույթը:

Մասնավորապես՝ կայքը հարցրել է. ՛՛Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում՝ առաջ քաշելով նոր պայմաններ, խախտելով 2020թ. եռակողմ հայտարարությունը և գործընթացը տանելով փակուղի։ Ադրբեջանի նախարարը, ինչպես նաև այդ երկրի այլ պաշտոնյաներ, շարունակում են հանրային տիրույթում օգտագործել ՛՛Զանգեզուրի միջանցք՛՛ եզրույթը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք՛՛:

Ի պատասխան՝ խոսնակը նշել է. ՛՛Ձեր հարցի պատասխանը կարող է լինել շատ հակիրճ, այն կա նաև հենց հարցման մեջ. 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և դրան հաջորդած 2021թ. հունվարի 11-ի հայտարարությամբ որևէ այդպիսի միջանցք նախատեսված չէ, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն:

Հայաստանը բազմիցս և բոլոր մակարդակներում հայտարարել և հայտարարում է, որ ոչ միայն պատրաստակամ է, այլև շահագրգռված է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և 2020թ. եռակողմ հայտարարության ստորագրման պահից ի վեր հավատարիմ է մնացել այդ հայտարարությամբ պայմանավորված այն մոտեցմանը, որ դա պետք է իրականացվի երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա՛՛:

 

  • Կիսվել: