շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թագուհի Թովմասյանը կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները

Թագուհի Թովմասյանը կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները

Վաշինգտոնում աշխատանքային այցի շրջանակներում ԱԺ մարդու իրավունքների  հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկի հետ։

Թովմասյանը կոնգրեսականի հետ քննարկել է Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները։ Նա ներկայացրել է Արցախում առկա հումանիտար ճգնաժամը, որը արդյունք է Ադրբեջանի կողմից ուղղորդված և համակարգված էթնիկ զտման քաղաքականության, որի նպատակն էլ Արցախի հայաթափումն է և արցախահայության բռնի տեղահանումը։

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը տիկին Քլարկին է փոխանցել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մի քանի զեկույցներ, որոնք առարկայական ապացույցներով ներկայացնում են ինչպես 2016թ.-ի քառօրյա, այնպես էլ 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դրսևորումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ատելության խոսքի, պետականորեն ուղղորդված հայատյաց հռետորաբանության քաղաքականությունը։

Կոնգրեսականը նշել է, որ անպայման կուսումնասիրի բոլոր զեկույցները։

Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Քլարկին արդյունավետ քննարկման և կատարած աշխատանքի համար: նա նաեւ եւս մեկ անգամ խնդրել է հետևողական լինել Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դատապարտել, պատժամիջոցներ նախաձեռնել Ադրբեջանի դեմ՝ զսպելու այդ երկրի ծավալապաշտական և հայասպան նկրտումները։

  • Կիսվել: