շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սյունյաց անարատ հողում չարի սերմը բուն չի դնի. Մանվել Փարամազյան

Սյունյաց անարատ հողում չարի սերմը բուն չի դնի. Մանվել Փարամազյան

Երեկվա ընտրությունը ձեր անսահման սիրո ու նվիրումի ապացույցն էր, և վստահեցնում եմ իմ ու նորընտիր ավագանու անդամների անունից, որ սրբորեն կվերաբերվենք այն առաքելությանը, որը վերապահեցիք մեզ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Քաջարանի վերընտրված համայնքապետ Մանվել Փարամազյանը․

«Քաջարան համայնքի հարգարժան ընտրողներ, տեղական ինքնակառավարման նորընտիր մարմնի անդամներ, շնորհավորում եմ բոլորիդ` նման բարձր մակարդակով կայացած ընտրությունների և դրանց անվիճելի արդյունքների կապակցությամբ: Քաջարանի տարեգրության մեջ փառահեղ նոր էջ բացվեց, որը մենք պետք է վավերացենք նոր հաղթանակներով և աննախադեպ առաջընթացով: 

Մեր միասնական ժողովուրդը կրկին ապացուցեց, որ անկախ ենք և խորագետ` ինչի համար խոնարհվում եմ ձեր իմաստնության առջև:

Ձեր քաղաքացիական պարտքը կատարելիս` դուք առաջնորդվեցիք բարձր և անկաշառ բարոյականությամբ՝ ինձ ընդմիշտ պարտավորեցնելով լինել ձեր արժանի ղեկավարը:

Այսուհետ` առավել, քան երբևէ, ձեր անվտանգության, բարօրության և հարատևության համար չեմ խնայի ոչինչ:

Երեկվա ընտրությունը ձեր անսահման սիրո ու նվիրումի ապացույցն էր, և վստահեցնում եմ իմ ու նորընտիր ավագանու անդամների անունից, որ սրբորեն կվերաբերվենք այն առաքելությանը, որը վերապահեցիք մեզ:

Ինչպես կասեր մեծն սյունեցին` Սյունաց անարատ հողում չարի սերմը բուն չի դնի և այն անարմատ է:

Երազանքս է, որ երեկվա հաղթության ոգին, որ համակել է ողջ Քաջարանը, տարածվի մեր ազգի մեջ, ընդգրկի մեր երկրի սահմանները և ջախջախի հայ ազգի խաղաղ ապրելու իրավունքը ոտնահարող ոսոխին:

Սիրելի հայրենակիցներ, դուք համախմբման, միասնության փայլուն օրինակ ցույց տվեցիք, որը կամրագրվի մեր հետագա միասնական գործունեության մեջ և կառաջնորդի մեզ` դեպի խաղաղ, անկախ և բարեկեցիկ ապագա: Հաղթանակի և ուրախության այս ալիքը պիտի դարձնենք խթան, և հաղթությամբ առաջ շարժվենք` դեպի հոգևոր, գաղափարական, ֆիզիկական նոր բարձունքներ:

 

Վստահ եմ՝ անաչառ տարեգիրը մի օր կգրի. « Միասնության մեկնարկը տվեց Քաջարանը` 2022 թվականի սեպտեմբերի 25-ին»: 

Աստված բոլորիս առաջնորդ և պահապան»:

 

  • Կիսվել: