երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սյունիքում որևէ համայնքապետ իր ջոկատով չի պայքարել թշնամու դեմ ու դրա անհրաժեշտությունը չկար․ պատգամավոր

Սյունիքում որևէ համայնքապետ իր ջոկատով չի պայքարել թշնամու դեմ ու դրա անհրաժեշտությունը չկար․ պատգամավոր

Պատերազմի ընթացքում բոլոր համայնքները, համայնքների աշխատակիցներն ակտիվ մասնակցել են պատերազմի ժամանակ կատարված թիկունքային աշխատանքներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ որևէ համայնքապետ իր ջոկատով չի պայքարել թշնամու դեմ ու դրա անհրաժեշտությունը չկար․

«Սյունիքում թիկունքային աշխատանքները բավականին լավ էին կազմակերպվել: Այդ աշխատանքների մի մասին նաև ես եմ մասնակցել: Սակայն դա չի նշանակում, որ երկիրն այնպիսի վիճակում է գտնվել, որ համայնքապետերը պետք է ջոկատներ կազմեին ու գնային պայքարեին թշնամու դեմ: Նման բան չի եղել»,-այս մասին հայտարարել է Խաչատրյանը:

Անդրադառնալով Սյունիքում ներկայումս տիրող իրավիճակին, նա նշեց․

«Պատերազմի հետևանքներ կան, ահռելի մեծ վնասներ են կրել, դա միանշանակ այդպես է: Բայց ինչ-որ քաղաքացու անվտանգության հետ կապված խնդիր առաջացե՞լ է այսքան ժամանակ Սյունիքում: Իհարկե ոչ»։

Պատգամավորը միևնույն ժամանակ խոսել է ԱԱԾ-ի զգուշացումների մասին՝ հայտարարելով, որ ծառայությունը ճիշտ է անում. «Ինձ անձամբ կանգնեցրել են ու ասել, որ ցանկացած օգնության անհրաժեշտության դեպքում զանգեմ հրապարակված համարով: Դա նշանակում է, որ այդ համարով զանգահարելու դեպքում կժամանեն, կօգնեն, նույնիսկ մեքենայի անսարքությունը կվերացնեն: Սա է, ոչ թե ասում են, որ առևանգվելիս պետք է զանգել: Եթե առևանգեն, ո՞նց է զանգելու: Որևէ մեկը չի կարող առևանգել, լուրջ քաղաքական ու ռազմական խնդիրներ կառաջանան, եթե ՀՀ քաղաքացի տուժի ինչ-որ մի բանից»:

  • Կիսվել: