Մասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հովտաշատ գյուղի բնակիչ մի անհատ ձեռնարկատեր, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, զբաղվում է ձկնաբուծությամբ։
Տեղեկության ստուգման ընթացքում պարզվել է, որ հովտաշատցի 44-ամյա ձեռնարկատերը ոչ միայն չունի ջրօգտագործման թույլտվություն, այլև չի կատարել հողային օրենսգրքի պահանջները՝ չի փոխել հողի նպատակային նշանակությունը և ձկնաբուծարանը գործարկել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքում։
Նոյեմբերի 2-ին համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին տեղափոխել ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվող 44-ամյա տղամարդուն և նրա երկու համագյուղացիներին։ Ձկնաբուծարանը կնիքվել է։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։
Նախաքննությունը շարունակվում է։



