հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սյունիքում այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղեբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով․ Ավինյան

Սյունիքում այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղեբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով․ Ավինյան

Շարունակական աշխատանքներ են տեղի ունենում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված։ Այս մասին կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այս առումով բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ»,- հավելեց նա։

Ավինյանն անդրադարձավ նաև Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին, նաև այն անձանց, որոնք, նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, գերեվարված են։

«Տվյալները ճշտվում են։ Այս հարցի շուրջ ևս տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ։ Մոտակա ժամանակում այս հարցի շուրջ էլ ակնկալում ենք ունենալ հանգուցալուծում»,- ասաց փոխվարչապետը։

Տիգրան Ավինյանը մեկնաբանեց նաև Հին Շենում տեղի ունեցած միջադեպը։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է, ամբողջությամբ հանգուցալուծ չէ խնդիրը, բայց այդ հատվածում տեղակայված են նաև ռուս խաղաղապահ զորքերը։

«Ակնկալում ենք, որ այս հարցում ևս կունենանք հանգուցալուծում»,- ասաց նա։

Փոխվարչապետը հայտնեց նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարտ Սյունիքում է։

«Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ»,- հավելեց Ավինյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզի գործընկերների հետ։

«Մարզպետը աշխատանքներ է տանում և՛ սահմանապահ ծառայության գործընկերների, և՛ ՊՆ գործընկերների հետ։ Իմ ստացած տեղեկության համաձայն՝ այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղեբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով և խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից՝ պետք է նշել, որ ՀՀ սահմանները ամուր և մեր ԶՈՒ-ի կողմից վերահսկելի են»,- հայտնեց Պապիկյանը։

  • Կիսվել: