երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սուբվենցիոն ծրագրերում Կառավարությունը շեշտադրում կկատարի տեղական քարի հիմքով սալարկման աշխատանքների վրա

Սուբվենցիոն ծրագրերում Կառավարությունը շեշտադրում կկատարի տեղական քարի հիմքով սալարկման աշխատանքների վրա

Սուբվենցիոն ծրագրերի եռամյա արդյունքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տարի դրանց կարգում փոփոխությունների կարիք կա՝ Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ ներկայացված փոփոխություններն էլ պայմանավորված են նախորդ տարիների կատարողական ցուցանիշներով, պետության առաջնահերթություններով և համայնքներից եկող ազդակներով:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել սուբվենցիոն նախնական հայտերի հետ ներկայացվող տեխնիկական բնութագրերի պահանջները․ քանի որ Կառավարության որոշմամբ հաստատված տեխնիկական առաջադրանքի ձևաչափում ներառված չեն այլ ոլորտների բնութագրերը՝ ճանապարհների նորոգման, լուսավորության, գազամատակարարման, ջրամատակարարման մասով, առաջարկվում է հիմնվելով այդ ձևաչափերի վրա, ներառել նաև նաև ոլորտային պայմանները, ինչը հնարավորություն կտա ավելի հստակեցնել և բարձրացնել  նախագծման գործընթացների արդյունավետությունը։ Ընդ որում, նախարարության պաշտոնական կայքում տեղադրված են ոլորտային տեխնիկական բնութագրերի ուղեցույցները։

«Ներկայումս առկա են համայնքներ, որտեղ ավագանի չի գործում՝ հաշվի առնելով նախատեսվող համայնքների խոշորացման գործընթացները, և այն, որ մի շարք  ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ և ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում, առաջարկվում է այդ համայնքներում որպես բացառություն հնարավորություն տալ իրականացնելու կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր»,- նշեց Պապիկյանը։
 

Առաջարկվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացում առանձնացնել համայնքային փողոցների սալապատման աշխատանքները, լրացնել նաև համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները, և միաժամանակ փոխել համայնքային ճանապարհների ասֆալտապատմամբ կառուցման և նորոգման, բազմաբանակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության տարրերի նորոգման ծրագրերով պետբյուջեի համաֆինանսավորման չափաբաժինները։ 

«Մասնավորապես՝ էներգախնայողության ծրագիրը բազմաբնակարան շենքերի համար 50-65%-ից իջեցնել մինչև 30-45%: Խոսքը Կառավարության համաֆինանսավորման մասնաբաժնի մասին է: Ասֆալտապատման ծրագրերը 45-60%-ից իջեցնել մինչև 30-45%՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ասֆալտապատման ծրագրերը բավական ինտենսիվ են իրականացվում համայնքներում և 2020-ին հատել են 150 կմ-ի սահմանը, մենք փորձում ենք նաև զբոսաշրջային որոշակի կոմպոնենտ հաղորդել դրան և շեշտադրումը կատարել տեղական հումքի, մասնավորապես, տեղական քարի հիմքով սալարկման աշխատանքներին, և ըստ այդմ՝ այդ խրախուսելու համար սալապատման համար սահմանել 55-70% պետական համաֆինանսավորում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ տատանումը պայմանավորված է համայնքի՝ մայրաքաղաքից, մարզկենտրոնից ունեցած հեռավորությամբ ու սահմանամերձ լինելով:

Ընդ որում՝ կարևորելով համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները՝ առաջարկվում է այն համայնքներում, որոնք չունեն գլխավոր հատակագծեր, պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը նվազեցնել 5 տոկոսով։ Միաժամանակ, հաշվի առնելով կարգի փոփոխության անհրաժեշությունը՝ նախագծով առաջարկվում է 2021 թ. հայտերի ընդունման և քննարկման համար սահմանել առանձին ժամկետներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ որոշման կայացման դրդապատճառն այն է, որ վերջին տարիների կատարած սուբվենցիոն աշխատանքները ընդհանուր առմամբ դրական կարելի է համարել, բայց հիմա խնդիր կա դրանց որակը բովանդակային առումով բարձրացնելու, տարածքային զարգացման իմաստով որոշակի քաղաքական ուղղորդում հաղորդելու:

«Գյուղերի փողոցների բարեկարգման աշխատանքը պետք է շատ ինտենսիվ տեղի ունենա, բայց մյուս կողմից՝ մենք պետք է այնպես անենք, որ զուգահեռ գյուղական կոլորիտը չտուժի, չկորչի, և այդ է պատճառը, որ հիմա ուզում ենք այնպիսի խթաններ ստեղծել, որ ոչ միայն գյուղի փողոցները բարեկարգվեն, այլև դրանք բարեկարգվեն որոշակի գեղագիտական համատեքստում և, իհարկե, տեղական հումքի ավելի ընդլայնված օգտագործմամբ»,-նշեց վարչապետը:

  • Կիսվել: