2027-ի փետրվարից նախատեսվում է խաղային գործունեությունը թափանցիկ դարձնող օպերատորի գործունեություն. վարչապետ
Ազգային ժողովում 2027 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ևս մեկ նորամուծության, որը, ըստ նրա, պետբյուջեի համար ունի կարևոր նշանակություն։
Նրա խոսքով՝ երկար ժամանակ տարբեր քննարկումներից և օրենսդրական փոփոխություններից հետո 2027 թվականի փետրվարից նախատեսվում է խաղային գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող կամ, ավելի ճիշտ՝ խաղային գործունեությունը թափանցիկ դարձնող օպերատորի գործունեությունը։
«Այսինքն՝ սա մի համակարգ է, որի համար տեսանելի են լինելու Հայաստանում կատարված բոլոր խաղադրույքները, ստացված շահումները, և նաև դրանից բխող հարկային հավաքագրումներն ավելի թափանցիկ կլինեն։ Նաև ուզում եմ ասել, որ որոշակի քաղաքականություններ մշակված կլինեն, և նոր քաղաքականություններ մշակելու հնարավորություն կլինի, որովհետև կլինեն մարդիկ, որոնք սեփական դիմումի համաձայն (չնայած այսօր էլ այդ համակարգը կա) կամ այլ ձևերով, ինչպես նաև որոշակի զբաղմունքի տեր մարդիկ ուղղակի կարգելափակվեն և հնարավորություն չեն ունենա շահումով խաղերով զբաղվելու, համենայնդեպս՝ առցանց համակարգում»,- նշեց նա։
Վարչապետը հիշեցրեց, որ այս թեմայով վերջին տարիներին բազմաթիվ նախաձեռնություններ են եղել, և օրենքներ են ընդունվել, խստացումներ են իրականացվել, բայց պետք է առերեսվել մեկ այլ մարտահրավերի․ երբ Հայաստանում նման գործունեությանը կամ գործողություններին հասանելիությունը սահմանափակվում է, տեսնում ենք միտումներ, որ Հայաստանի քաղաքացիները գտնում են ձևեր և արդեն խաղադրույքներ են կատարում Հայաստանից դուրս։



