երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ստորագրվող պայմանագրերը իրավական ի՞նչ հիմք ունեն․ Դանիելյան

Ստորագրվող պայմանագրերը իրավական ի՞նչ հիմք ունեն․ Դանիելյան

Արդարդատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն ԱԺ լսումների ժամանակ անդրադարձավ հարցին, թե ստորագրվող պայմանագրերը իրավական ի՞նչ հիմք ունեն։

«Հարցադրումներ կան՝ արդյոք չենք ուշանում, որովհետև այս ժամանակահատվածում կարող է փաստաթուղթ ստորագրվել, արդյոք մենք տեղյակ ենք այդ փաստաթղթի բովանդակությանը։ Ինձ համար՝ որպես իրավաբանի, այս հարցադրումները այնքան էական նշանակություն չունեն։ Որևէ միջազգային իրավական փաստաթուղթ ստորագրելուց հետո իրավական ուժ ձեռք չի բերում, չի կարող կիրառվել։ Դրանից հետո պետք է Սահմանադրական դատարանում անդրադառնան, որոշում կայացվի սահմանադրականության առնչությամբ, այնուհետև Ազգային ժողովը կանդրադառնա արդեն զուտ քաղաքական սպեկտրին։ Նոր դրանից հետո այս բնույթի միջազգային փաստաթղթերը ձեռք կբերեն իրավական նշանակություն, կարող են իրավական հետևանքներ ունենալ։ Իհարկե, դե ֆակտո մենք ունեցել ենք այլ իրավիճակ, բայց գոնե այս պահից պետք է ելակետ ունենալ այն, որ ստրագրվելուց հետո որևէ միջազգային փաստաթուղթ չի կարող կիրառվել, դա հակասելու է մեր երկրի Սահմանադրությանը։ Սա ամրագրված է մեր Սահմանադրության 116-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետով, քանի որ քաղաքական ու ռազմական բնույթ ունեցող յուրաքանչյուր միջազգային պայմանագիր պարտադիր պետք է անցնի վավերացման գործընթաց»,- նշեց Գևորգ Դանիելյանը։

Ըստ նրա՝ հետագա զարգացումները կարող են հանգեցնել մի իրավիճակի, որ միջազգային պայմանագրերում նաև ներառվի տարածքի փոփոխության հարց։ Սա նշանակում է, որ կիրառության մեջ պետք է դնել Սահմանադրության 205-րդ հոդվածի առաջին մասը, համաձայն որի՝ պետք է այս հարցերը քննարկման առարկա դառնան հանրաքվեով։

  • Կիսվել: