ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտի հետ երկխոսությունը կարևոր է առաջին հերթին հենց Ադրբեջանի համար. Ալեն Սիմոնյան

Ստեփանակերտի հետ երկխոսությունը կարևոր է առաջին հերթին հենց Ադրբեջանի համար. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ գործող իշխանությունը, հակառակ ընդդիմախոսների սպասումներին, կարողացել է առնվազն հետաձգել պատերազմի հեռանկարները և ակտիվորեն աշխատում է խաղաղության հաստատման ուղղությամբ:

Այսօր լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշել է, որ առաջնահերթություն չի համարում 86,6 հազար քառ.կմ-ը, որի շրջանակներում ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ կարևոր է համարում Հայաստանի 29,8 հազար քառ. կմ-ի ճանաչումը, ինչպես նաև արցախցիների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը:

Միևնույն ժամանակ, Սիմոնյանը նշեց, որ կարևոր ասպեկտ է նաև պայմանագրի կատարման երաշխավորների ինստիտուտը: «Երաշխիքների հարցը շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթներն այս կամ այն չափով խախտվում են, իսկ երաշխավոր պետությունը մեծամասամբ համարժեք միջոցներով չի արձագանքում», - հայտարարել է նա:

Սիմոնյանը խուսափեց պատասխանել այն հարցին, թե որքանով են իշխանության համար սկզբունքային միջազգային երաշխիքների հարցերը և Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը, արդյոք այդ հարցերի շուրջ համաձայնության բացակայությունը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից հրաժարվելու պատճառ դառնալ: Բանախոսը միայն հորդորեց չմոռանալ, որ բանակցություններ են ընթանում, իսկ այդ հարցերը վերաբերում են գործընթացի մանրամասներին ու նրբություններին, որոնց մասին պետք չէ հրապարակավ խոսել:

Նա միայն հավաստիացրեց, որ հայկական կողմը պետք է առավելագույն ջանքեր գործադրի Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունն ապահովելու համար, Հակառակ դեպքում «այդ վերքը մշտապես արնահոսելու է»: «Հարցը չի լուծվի նույնիսկ Ադրբեջանի տեսանկյունից։ Այլընտրանքը ցեղասպանությունն է։ Այդ պատճառով ադրբեջանական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ դա իրենց համար շատ ավելի կարեւոր է, քան մեզ համար», - հայտարարել Է Սիմոնյանը։

Բանախոսը վստահ է, որ Ստեփանակերտի հետ երկխոսության հարցում միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Բաքվի վրա, և դա հայկական կողմի հաջողությունն է:

Ինչ վերաբերում է Քիշնևում կայանալիք հանդիպման նախօրեին Բաքվի կողմից հնչեցվող հերթական սպառնալիքներին, Սիմոնյանը նշել է, որ սա է Բաքվի ռազմավարությունը ՝ թեժացնել իրավիճակը, որպեսզի բանակցություններն այդ դիրքերից սկսեն: Բացի այդ, լինելով բռնապետ, որը ժառանգել է իշխանությունը և երկար տարիներ իշխում է երկրում, Իլհամ Ալիևը կարիք ունի արտաքին թշնամի ձևավորելու ՝ իշխանությունը պահելու և ներքին խնդիրները հետին պլան մղելու շահերից ելնելով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: