ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստացվում է, որ վարչապետը կամ ՀՀ իրավապահ մարմինները կարող են պարտակել հանցագործություն․ Բաբայան

Ստացվում է, որ վարչապետը կամ ՀՀ իրավապահ մարմինները կարող են պարտակել հանցագործություն․ Բաբայան

Դատախազությունը, որպես հանցագործությունների դեմ պայքարի օղակ, պետք է առնվազն քրեական դատավարության ընթացակարգով ստուգման ենթարկի հայտնած տեղեկությունները։ Այս մասին այօսր լրագրողներին ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ հայտարարությանը, Բաբայանը նշեց, որ սպայի նվիրվածությունն իր պետությանը, հայրենիքին, փորձել որևէ կերպ կասկածի տակ դնել, այն էլ այնպիսի սպայի, որն ԱԱԾ տնօրեն է եղել, զուրկ է ընդհանրապես բարոյական որևէ կանոնից: 

Բաբայանը նշեց նաև, թե Հրաչյա Հակոբյանն իր հայտարարության վերջին հատվածում արդեն ոչ թե հարցի եղանակով, այլ որպես հաստատված հանգամանք կեղծ տեղեկություն է հաստատում․

«Ստացվում է, որ վարչապետը կամ ՀՀ իրավապահ մարմինները կարող են պարտակել հանցագործություն։ Մյուս կողմից, ստացվում է, որ Հրաչյա Հակոբյանը կատարում է սուտ մատնություն։ Երրորդ կողմից էլ, որը հնարավոր չէ, գործ ունենք իբր լուրջ հանցագործության հետ։ Այս երեք ուղղություններով էլ իրավական պատասխանատվություն կիրառելու համար դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին»։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հանդս էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր կոռուպցիոն արիշվերիշներից ուշադրություն շեղելու համար իբր հարց է հնչեցնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված: Թե էդ ինչե՞ր եք բանակցում Ղարաբաղի մասով: Կարծում եմ ԱԳՆ-ն եւ վարչապետի խոսնակը սպառիչ պատասխան են տվել այդ հարցերին:

Բայց քանի որ հետաքրքիր հարցերի սեզոնը բացվել է, ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին: Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտերարկրյա հատուկ ծառայությունների կողմից հովաքագրված լինելու փաստը: Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաեւ հավաքագրման պայմանները:

Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի եւ ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլեւ նրա եւ Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, եւ հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց:

Շատերը կասեն, որ եթե օտարերկրյա գործակալի թեմա կա, դա պետք է լուծվի քրգործերի կոնտեքստում: Բայց համաշխարհային պրակտիկան էսպես է. օտարերկրյա գործակալներին բռնում եւ դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել: Իսկ Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: