շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սփյուռքի ներգրավմամբ հայրենիքի հզորացում. ֆրանսահայ գործիչը պրակտիկ լուծումներ է առաջադրում

Սփյուռքի ներգրավմամբ հայրենիքի հզորացում. ֆրանսահայ գործիչը պրակտիկ լուծումներ է առաջադրում

Ֆրանսահայ գործիչ, վերլուծաբան Ալբերտ Գրիգորյանը «Nouvelles d'Arménie» պարբերականում «Հիշողության ու իրականության միջև. Հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետության ընկալումների միջև եղած խզումը» վերտառությամբ ընդարձակ հոդվածով անդրադարձել է հայկական սփյուռքի ձևավորման մոդելիներին, հայրենիք-սփյուռք կապերի խորքում ընկած փիլիսոփայությանն ու միմյանց նկատմամբ ընկալումներին: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

Յուրաքանչյուր սփյուռք ունի իր մոդելը։ Հայկական սփյուռքի պարագայում առանձնանում են մի շարք յուրահատուկ գծեր․ սփյուռքի մեծ մասը ձևավորվել է առանց ինքնիշխան պետության առկայության՝ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով։ Չնայած «ռուսական» Հայաստանը ֆիզիկապես մնաց կանգուն, այն դարձավ հարյուր հազարավոր փրկվածների ապաստան՝ Օսմանյան կայսրությունում իրականացված ջարդերից ու ցեղասպանությունից։ Այս փրկվածների մեծ մասն էր, որ հետագայում ձևավորեց 20-րդ դարի սփյուռքի հիմնական զանգվածը։

Այս համատեքստն էլ պայմանավորեց սփյուռքի և Հայաստանի հարաբերությունների խորհրդանշական, հիշողության վրա հիմնված և հաճախ իդեալացված բնույթը՝ սկսած խորհրդային Հայաստանի 70-ամյա գոյությունից մինչև 1991 թվականից ի վեր՝ անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար, Հայաստանի վերաբերյալ ընկալումներն ու սպասումները կարող են շատ տարբեր լինել՝ կախված անհատական  կենսագրություններից։ Նրանք, ովքեր, ինչպես ես, լքել են խորհրդային կամ հետխորհրդային Հայաստանը՝ այնտեղ մի քանի տարի ապրելուց հետո, պահպանում են ավելի ուղղակի կապ երկրի այսօրվա իրականության հետ։ Այդ ապրումներից բխող փորձը հաճախ հակասում է սփյուռքի հին ալիքների կողմից փոխանցված պատկերացումներին, որոնց կապը Հայաստանի հետ ձևավորվել է ոչ թե անձնական փորձառությամբ, այլ ընտանիքի, համայնքի կամ մշակույթի միջոցով փոխանցված պատմություններով։ Այս խզումն առավել ցայտուն է դառնում, երբ հին սփյուռքն իր որպես Հայրենիք ընկալված Հայաստանով նկատի ունի Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրությունում, այլ ոչ թե Արևելյան Հայաստանը:

Ապաքաղաքական մոդելից՝ պետական մոդել

Սա է պատճառը, որ թվում է՝ հին սփյուռքն իր ինքնության հիմքում պահպանում է մի մոդել, որն ապապետական է՝ Արևմտյան Հայաստանը ժամանակակից միջազգային համակարգում երբեք չի դարձել ինքնիշխան պետություն։ Մինչդեռ նոր սփյուռքը ձևավորվել է պետության առկայության համատեքստում՝ խորհրդային Հայաստանի կամ անկախ Հայաստանի Հանրապետության գոյության հիման վրա։

Ձայն՝ երկու աշխարհի միջև

Ես՝ շուրջ քսանութ տարի Ֆրանսիայում հաստատված անձս, պատկանում եմ այն սերնդին, որը 1990-ականներին տեղափոխվեց Արևմուտք՝ բերելով իր հետ կենդանի հիշողություն Հայաստանի՝ նրա խնդիրների, փոփոխությունների ու մարտահրավերների վերաբերյալ։ Ֆրանսիայում և Ռուսաստանում (որտեղ աշխատել եմ ավելի քան տասը տարի՝ արտագնա մի խոշոր ֆրանսիական ընկերության կազմում) ձեռք բերած փորձս ինձ տալիս է յուրահատուկ հնարավորություն՝ հատկապես Ֆրանսիայում ձևավորված հին հայկական սփյուռքի հետ հարաբերություններում։ Եվ այդ փորձառության հիման վրա մի պարզ դիտարկում եմ անում. գոյություն ունի խորքային խզում՝ երբեմն լուռ, երբեմն բախումային՝ նրանց միջև, ովքեր վերջին տասնամյակներին են եկել Հայաստանից, և նրանց, ովքեր ծնվել ու մեծացել են սփյուռքում։ Խզումը միայն մշակութային կամ լեզվական չէ։ Այն առնչվում է հենց Հայաստանն ընկալելու, ըմբռնելու և երկրին աջակցելու եղանակին։

Բազմաշերտ սփյուռք, տարբեր ուղիներ

Գիտենք՝ հայկական սփյուռքը երբեք միատարր չի եղել։ Այն ձևավորվել է մի շարք պատմական իրադարձությունների արդյունքում՝ 1915-ի ցեղասպանություն, խորհրդային ժամանակաշրջանում արտագաղթ, ԽՍՀՄ-ի փլուզում, Արցախյան պատերազմներ, Մերձավոր Արևելքի քաղաքական ճգնաժամեր, հեղաշրջումներ ու պատերազմներ։ Հայաստանից եկածները կրում են կոնկրետ իրողությունների հետքը՝ 1988-ի երկրաշարժ, Ղարաբաղյան շարժում, 1990-ի ինքնիշխանության հռչակում, 1991-ի օգոստոսյան ճգնաժամ, սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվե, ԽՍՀՄ-ի փլուզում, շրջափակում, պատերազմ, բարեփոխումների ձախողում, հիասթափություն։ Այդ բոլորը կենդանի հիշողություն են նրանց համար, ովքեր ապրում են հետխորհրդային Հայաստանի փորձով՝ համեմված և՛ կարոտով, և՛ քննադատությամբ։

Ի հակադրություն՝ սփյուռքում արդեն չորս-հինգ սերունդ ապրող հայերը Հայաստանի հետ կապ են պահպանում առավել սիմվոլիկ մակարդակում։ Նրանց հիշողությունները ձեւավորվել են ընտանեկան պատմություններով, համայնքային ու մշակութային պատումներով։

Ժամանակակից Հայաստանի հակադրական պատկերներ

Այս խզումը նկատելի է նաեւ արտաքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումներում։ Օրինակ՝ Ռուսաստանի դերը և Արևմուտքի հետ հարաբերությունները (ԵՄ և ԱՄՆ) սփյուռքում տարբեր կերպ են ընկալվում։ 2020–2023 թթ. արցախյան պատերազմներից հետո Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն աստիճանաբար սրվել են։ Մոսկվայի չեզոք կեցվածքն արցախյան ճգնաժամում դժգոհության ալիք բարձրացրեց թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, ինչն էլ խարխլեց ավանդական դաշնակցային պատկերացումը։ Այս ֆոնին Հայաստանը սկսեց կամաց-կամաց նոր կողմնորոշում որդեգրել՝ դեպի Եվրոպա և ԱՄՆ։ Սա չի նշանակում լիարժեք խզում Ռուսաստանի հետ, բայց այն արտահայտում է ինքնիշխանության և ազգային արժանապատվության նոր մղում։ Միևնույն ժամանակ սա նաև գիտակցում է ներկայիս անվտանգության համակարգի սահմանափակումներն ու եվրաատլանտյան համատեքստում նոր հենակետեր որոնելու փորձ։

Սակայն հին սփյուռքի որոշ շրջանակներ, ինչպես նաև Հայաստանի հին իշխանական համակարգերի կողմնակիցները, շարունակում են Մոսկվան դիտել որպես անփոխարինելի դաշնակից՝ ի տարբերություն Հայաստանի քաղաքացիների աճող զանգվածի, որոնք վերջին զարգացումների լույսի ներքո ավելի ու ավելի են հակվում անվստահության։

Եկեղեցու և պետության հարաբերությունը

Մի կողմից՝ պետության և եկեղեցու հարաբերությունների հարցում վարչապետի նախաձեռնությունները՝ ցույց տալու համար պետության գերակայությունը առաքելական եկեղեցու նկատմամբ, թեև Հայաստանում ընկալվում են որպես արդիականացման անհրաժեշտ քայլ, սփյուռքում հաճախ ընկալվում են որպես ազգային ինքնության դեմ ուղղված ոտնձգություն, կարծես «եկեղեցի-ազգ» գաղափարը գերազանցում է պետության գաղափարին:

Տարանջատումից դեպի փոխադարձ մոտեցում

Մյուս կողմից՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ ընթացող բանակցությունները Հայաստանում դիտվում են որպես ռազմավարական և տնտեսական հնարավորություն՝ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակներում։ Մինչդեռ սփյուռքի որոշ շրջանակներ այդ գործընթացները դիտում են որպես անվտանգային սպառնալիք կամ անգամ ազգային շահերին դավաճանություն։

Փոխըմբռնման ուղիներ

Սակայն այս հակասությունները ճակատագրական չեն։ Դրանք ընդամենը նույն նպատակին ծառայող տարբեր դիրքորոշումներ են՝ միտված անկախ Հայաստանի ամրապնդմանը։ Կարևոր է ստեղծել երկխոսության, համագործակցության ու բարի մտադրությամբ հակադրվող կարծիքների հարթակներ։ Նրանք, ովքեր ապրում են ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, կարող են դառնալ կամուրջներ՝ մեկնաբանելով Հայաստանի իրական պատկերը նրանց համար, ովքեր այն հեռվից են դիտում։ Իսկ սփյուռքի հին կառույցները կարող են Հայաստանին փոխանցել հմտություններ, նյութական ռեսուրսներ ու ռազմավարական տեսլական։

Փոփոխվող տնտեսություն

Թավշյա հեղափոխությունից հետո, նույնիսկ 2020-ի պատերազմից հետո, Հայաստանում տեղի են ունեցել կարևոր տնտեսական բարեփոխումներ՝ ՀՆԱ-ի կայուն աճ, հարկերի հավաքագրման բարձրացում, կոռուպցիայի նվազում, աշխատավարձերի աճ, պետական ծախսերի կրճատում և հարստության վերաբաշխում։ Չնայած դեռ փխրուն, սակայն այս զարգացումները վկայում են ժամանակակից պետություն կառուցելու կամքի մասին։

Այս ֆոնին Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները ամրապնդվել են թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական, հատկապես՝ պաշտպանական ոլորտում։ Ֆրանսիայի հայկական սփյուռքը (ցեղասպանությունից հետո, Մերձավոր Արևելքի ճգնաժամերից հետո և հետխորհրդային ալիքից)՝ իր արմատներով ֆրանսիական հասարակության մեջ և լայն ցանցերով, կարող է ու պետք է կարևոր դեր ունենա կայուն գործընկերությունների զարգացման, առևտրային կապերի խթանման և հայկական փորձի արժևորման գործում։ Սակայն այս գործընթացում չպետք է մոռանալ մի կարևոր հանգամանք․ բացի Հայաստանի կառավարությունից՝ ոչ մի կառույց չի կարող փոխարինել պետությանը՝ Ֆրանսիայի Հանրապետության հետ հարաբերություններում։ Եվ չափազանց վտանգավոր կլինի, եթե որոշ շրջանակներ փորձեն համայնքային լծակները կամ ընտրական հնարավորությունները օգտագործել եղբայրական պետությունների փոխհարաբերությունները վնասելու համար։ Ֆրանսահայերը և ռուսահայերը նախևառաջ իրենց ընդունած երկրի քաղաքացիներ են, հետո նոր՝ 1915 թ․ փախստականների ժառանգներ։ Վտանգավոր է մտածել, թե Ֆրանսիան կարող է երբևէ զոհաբերել իր ազգային շահերը՝ հանուն պատմականորեն հարվածներ ստացած մի հիշողության։

Ֆրանսահայերի շահերից է բխում խթանել ֆրանսիական պետության ռազմավարական և տնտեսական ծրագրերի իրականացումը Հայաստանում։ Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի խորացնենք երկու հանրապետությունների միջև ռազմավարական գործընկերությունը։ Ֆրանսիական հասարակությունը սիմվոլիկ կերպով «հայացնելու» փոխարեն, պետք է փորձել «ֆրանսիականացնել» հայկական շուկան։ Այլ կերպ ասած՝ շրջել սփյուռքի դերը՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև։ Հրաժարվել միայն հիշողության ճանաչման պահանջից (Ֆրանսիան արդեն իսկ շատ բան է արել այդ ուղղությամբ) ու ձգտել խորացնել ռազմավարական և տնտեսական երկխոսությունը։ Եթե ուզում ենք, որ Ֆրանսիան ավելին տա Հայաստանին, նախ պետք է ավելին տանք Ֆրանսիային։

Հաղթանակ՝ բոլորի համար

Բազմազանության ճանաչումը՝ համատեղ գործունեության հիմք դարձնելը. ահա լուծումը։ Այո, սփյուռքյան տարբեր շերտերի միջև խզում կա, բայց դա ճակատագրական չէ։ Այդ խզումն իրականում ուժ է, եթե գիտակցենք, հասկանանք և ներառենք այդ տարբերությունները։ Միայն այդ ճանաչման և հարգանքի մթնոլորտում՝ հիշողության և իրականության, կարոտի և իրատեսության միջև, հնարավոր է ձևավորել նոր սփյուռքյան ներգրավվածություն, որը համապատասխանում է ժամանակակից Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։

Հոդվածի բնօրինակը կարող եք կարդալ ֆրանսերեն: 

 

  • Կիսվել: