Սնանկության գործով կառավարիչների թիվն ավելացել է յոթով
Արդարադատության նախարարությունում սնանկության գործով կառավարչի որակավորման վկայականներ են հանձնվել որակավորման եռափուլ ստուգումը հաղթահարած յոթ անձի: Այս մասին տեղեկացնում է Արդարատադության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն, սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ Տիգրան Դադունցը շնորհավորել է ներկաներին որակավորման գործընթացը հաջող անցկացնեու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վկայական ստացած անձինք իրենց գիտելիքներով և հետագայում ձեռք բերվող փորձով մեծ ներդրում կունենան ոլորտի զարգացման հարցում։
ԱՆ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանը ևս շնորհավորել է սնանկության գործով կառավարչի որակավորման վկայականներ ստացած անձանց ու հույս հայտնել, որ ոլորտ մուտք գործող նոր գործընկերները, որոնք ժամանակին սնանկության վարույթներում ներկայացրել են պարտապանների կամ պարտատերերի շահերն ու բազմաթիվ առիթներով բարձրաձայնել են սնանկության վարույթի, կառավարչի գործառույթների իրականացման հետ կապված խնդիրները, արդեն մուտք գործելով այդ համակարգ, կշտկեն այդ խնդիրները, իսկ Արդարադատության նախարարությանը, որպես ոլորտի քաղաքականությունն իրականացնող մարմնի, կներկայացնեն այն ուղղությունները, որտեղ հնարավոր է շարունակել բարեփոխումները։