հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Սկանդինավյան խաղաղապահների տեղակայման պարագայում կարելի է ոչ միայն խոսել Ադրբեջանի ձախողման, այլև Կովկասում Թուրքիայի ֆիասկոյի մասին

Սկանդինավյան խաղաղապահների տեղակայման պարագայում կարելի է ոչ միայն խոսել Ադրբեջանի ձախողման, այլև Կովկասում Թուրքիայի ֆիասկոյի մասին

Քաղաքագետ Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայման՝ Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի առաջարկին։

Նա, մասնավորապես, գրել է․

"ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայընի հայտարարությունը ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին ուշագրավ է այն տեսանկյունից, որ այդ զորքի մեջ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահեր հետապնդող որևէ պետության ներգրավում չի նախատեսվում։ Սա թերևս հրադադարի ապահովման բացառիկ եղանակն է, որով ոչ միայն լուծվում է կրակի դադարեցման հարցը, այլև չեզոքացվում են տարածաշրջանի խոշոր տերությունների ռազմական հետաքրքրությունները։

Այսպիսի միջանկյալ լուծմամբ կոնֆլիկտն անկախանում է տարածաշրջանային խաղերից, ինչպես նաև հույսի դուռ բացում «անջատում հանուն փրկության» կոնցեպտի կյանքի կոչման համար։

 

Ըստ էության, սկանդինավյան խաղաղապահների տեղակայման պարագայում կարելի է ոչ միայն խոսել Ադրբեջանի ռազմական ձախողման, այլև Կովկասում Թուրքիայի լիակատար ֆիասկոյի մասին։

 

Սկանդինավյան խաղաղապահների մուտքով կոնֆլիկտի սուր փուլը կհաղթահարվի, ինչը կարող է ճանապարհ բացել քաղաքական լուծման համար` նախևառաջ արևմուտքի առաջնորդությամբ։

Կոսովոյի նախադեպը հուշում է, որ եթե արևմուտքը վճռական է կոնֆլիկտը հաղթահարելու հարցում, դա ունենում է երկարաժամկետ էֆֆեկտ և բավականին արդյունավետ է լինում։ Սակայն նման հեռանկարն էլ իր հերթին բնականորեն դուր չի գալու Թուրքիա-Իրան-Ռուսաստան տարածաշրջանային աղեղին և կարող է նոր մրցակցության, ուժերի վերախմբավորման ու ճամբարների ձևավորման հանգեցնել։

  • Կիսվել: