ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սիրիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քաղաքական գործիք էր Թուրքիայի դեմ. Արաբագետ

Սիրիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քաղաքական գործիք էր Թուրքիայի դեմ. Արաբագետ

Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Սիրիայի Ժողովրդական ժողովի՝ խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը քաղաքական գործիք էր ընդդեմ Թուրքիայի:

«Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևը նշնակում էր, որ սիրիա-թուրքական հարաբերությունները հակամարտության այն աստիճանի են հասել, որ սիրիական կողմը գնում է նման քայլի՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության հանգամանքը Թուրքիայի ն պատժելու, Թուրքիայի գործողություններին պատասխանելու», -InfoPort.am-ին ասաց արաբագետը՝ մեկնաբանելով սիրիական խորհրդարանի կողմից բանաձևի ընդունման փաստը:

Նրա խոսքով, վերջին ամսվա ընթացքում Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները վատթարացել են՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում թուրք-սիրիական զինված ուժերի բախման հետևանքով: Երկու երկրների միջև հարաբերություններն այնքան լարված են, որ, ըստ արաբագետի, Թուրքիայի խորհրդարանից հնչում են հայտարարություններ Դամասկոսը գրավելու մասին:

Հարցին, ի՞նչ է կարծում՝ արդյոք հայկական հարցը քաղաքական գործիք է եղել այս դեպքում, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Այո, այո: Որքան էլ հայ ժողովրդի համար բարոյական առումով գնահատելի է բարեկամական Սիրիա պետության խորհրդարանի քայլը, այդուհանդերձ պետք է փաստել, որ նրա դրդապատճառները քաղաքական են: Այսինքն՝ հերթական անգամ մեր ժողովրդի ազգային ողբերգությունը օգտագործվում է Թուրքիայի դեմ»:

Նկատենք՝ Հայոց ցեղասպանությունը ճանաճող և դատապարտող բանաձև արաբական երկրներից ընդունել է նաև Լիբանանը, և Սիրիայի Արաբական Հանրապետությունը երկրորդն էր:

Ըստ արաբագետի Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը չի կարող վարակիչ լինել այլ երկրների համար, քանի որ այդ երկիրն այժմ այդքան էլ մեծ ազդեցություն չունի:

«Այս գործընթացը քաղաքական հարթությունում կարող է հանգեցնել երկու երկրների միջև հռետորաբանության ավելի սրմանը, իսկ Իդլիբում ընթացող զարգացումները կարող են խորանալ, լարվածությունը աճի, բախումների մասշտաբները մեծանան», նշեց արաբագետը:

Հիշեցնենք՝ Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

  • Կիսվել: